ԵՄ-ի արձագանքը Արցախյան քառօրյա և 2008թ-ի հնգօրյա պատերազմներին

ԵՄ-ի արձագանքը Արցախյան քառօրյա  և  2008թ-ի հնգօրյա պատերազմներին

Յուրաքանչյուր տարածաշրջանում հակամարտությունների առկայությունը հնարավորություն է տալիս արտաքին դերակատարներին և հատկապես միջնորդներին որոշակի ազդեցություն ձեռք բերել հակամարտող կողմերի վրա և մեծացնել տարածաշրջանում իրենց ներգրավվածությունը: Հարավային Կովկասում Խորհրդային միության փլուզումից ի վեր առկա է երեք չկարգավորված հակամարտություն` Արցախյան, աբխազական և հարավօսական: Վերջին ութ տարիների ընթացքում այս հակամարտությունները տարածաշրջանում ռազմական պայթյուն են ստեղծել, սակայն դրանց վերաբերյալ ԵՄ-ի արձագանքները միանգամայն տարբեր են եղել: Այս հոդվածում  զուգահեռներ կանցկացնենք 2008թ-ի վրաց-հարավօսական պատերազմի և 2016թ-ի Արցախյան քառօրյա պատերազմների նկատմամբ ԵՄ-ի քաղաքական դիրքորոշման միջև:

Արցախյան վերջին քառօրյա պատերազմը և դրա նկատմամբ վերաբերմունքը լակմուս դարձավ տարածաշրջանում գերտերությունների շահերը և տրամադրվածությունները բացահայտելու համար: Ի տարբերություն վրաց-օսական հնգօրյա պատերազմի, որին դեռևս կանդրադառնանք, Արցախյան պատերազմի վերաբերյալ ԵՄ-ի պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունները բավականին զուսպ էին և հավասարակշիռ: Հակամարտության կարգավորումը ԵՄ-ն տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և զերծ է մնում այդ ձևաչափից դուրս որևէ գործողություն կատարելը: Չնայած Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին քննարկվեց Արցախյան խնդիրը և ելույթ ունեցող պատգամավորների մեծամասնությունը հանդես եկավ հայանպաստ դիրքորոշմամբ, սակայն այդ կոչերին որևէ գործնական քայլ չհաջորդեց: Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵՄ երկրներն ունեն տարբեր դիրքորոշումներ, սակայն ընդհանուր է միայն մեկը, որը բխում է նրա ընդհանուր անվտանգային ռազմավարությունում առաջ քաշած դրույթներից: ԵՄ-ն ցանկանում է տարածաշրջանը տեսնել խաղաղ և կայուն, որը հնարավություն կտա իրականացնելու իր էներգետիկ ծրագրերը, թույլ չի տա Կենտրոնական Ասիայից թմրանյութերի և թրաֆիկինգի արտահոսք լինի դեպի Եվրոպա: ԵՄ-ի պարագայում դերակատարների տարբերությունները պայմանավորված են տարբեր շահերով: Նախ, կարող ենք առանձնացնել պետական և անդրազգային խաղացողներին: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի էներգետիկ սեկտորում բազմաթիվ խոշոր եվրոպական անդրազգային կորպորացիաներ ներդրումներ են կատարել, ուստի շահագրգռված են խաղաղության և կայունության պահպանմամբ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, խոշոր բաժնեմասեր ունի որոշ եվրոպական երկրների էներգետիկ ոլորտում, որի արդյունքում վերջիններս միջազգային ասպարեզում հանդես են գալիս ադրբեջանանպաստ դիրքորոշումներով:

Ակնհայտ է, որ ԵՄ-ն ներկայումս այնքան է թաղված սեփական խնդիրների մեջ, որ հարևանության գոտում տեղի ունեցող իրադարձությունները ներկայումս չեն կարևորվում: Եթե նախկինում ԵՄ-ի համար մեծ նշանակություն էին ներկայացնում տարածաշրջանային հակամարտությունները և հարևանության գոտում խաղաղության պահպանումը, ապա հիմա ԵՄ-ն անվտանագության խնդիրներ ունի հենց սեփական տարածքում, ուստի առաջնահերթությունը դրանք լուծելն է:

Փոխարենը 2008թ-ին ԵՄ-ն միանգամայն այլ կարգավիճակ և դիրքորոշում ուներ հնգօրյա պատերազմի նկատմամբ: Հնգօրյա պատերազմը լավ հնարավորություն էր ԵՄ-ին առանց ռազմական միջամատության` մուտք գործելու տարածաշրջան և մեծացնելու իր քաղաքական կշիռն այստեղ: Մինչ 2008թ-ը տարածաշրջանային հակամարտություններում ԵՄ-ն հանդես էր գալիս միջոնրդավորված կերպով՝ այլ կազմակերպությունների շրջանակներում, սակայն հնգօրյա պատերազմը փոխեց հակամարտություններում ԵՄ-ի ներգրավվածություն ձևաչափը: Ռուս-վրացական պատերազմի ժամանակ ԵՄ-ն նախագահող երկրի` Ֆրանսիայի ղեկավար Ն. Սարկոզիի գլխավորությամբ, հանդես եկավ միջնորդական առաքելությամբ: Արդյունքում, ստորագրվեց վեց կետից բաղկացած հրադադարի ռեժիմի սահմանման փաստաթուղթ Այդկերպ ԵՄ-ն ցույց տվեց ՌԴ-ին, որ ինքն էլ տարածաշրջանային ակտիվ դերակատար է, որը կարող է միջնորդություն ունենալ այնպիսի հարցերում, որը նախկինում եղել են միայն ՌԴ-ի մենաշնորհը: Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ դա տարածաշրջանում իր հիմնական ռազմավարական նպատակները լուծած ՌԴ-ի և իր հեղինակությունը փրկելու և տարածաշրջանում այն ամրապնդել ձգտող ԵՄ-ի միջև առկա լռությամբ ձեռք բերված փոխշահավետ գործարքի արդյունք էր: Սակայն ՌԴ-ի համար տարածաշրջանում «տաք» հակամարտությունների առկայությունը ևս մի ակնարկ էր, որ ԵՄ-ի էներգետիկ քաղաքականությունը հակասում է ՌԴ-ի շահերին, ուստի ՌԴ-ն չի երկմտի դիմելու նաև ռազմական ուժի:

Այպիսով, եթե ամփոփենք երկու պատերազմների միջև զուգահեռների անցկացումը, ապա պարզ է դառնում, որ ներկայումս տարածաշրջանը պակաս հետաքրքրություն է ներկայացնում ԵՄ-ի համար, և ուկրաինական իրադարձությունների ֆոնին ԵՄ-ն ամենևին էլ ցանկություն չունի ՌԴ-ի հետ հարավկովկասյան տարածաշրջանում մրցակցության մեջ մտնի: ԵՄ-ն հակամարտության կարգավորումը տեսնում է միայն հարավկովկասյան երկրների ներգրավվածությամբ և Ռուսաստանի միջնորդությամբ: Եթե ութ տարի առաջ ԵՄ-ն որոշակի հավակնություններ ուներ ՌԴի հետ տարածաշրջանային մրցակցության մեջ մտնելու, ապա ներկայումս ներեվրոպական ճգնաժամը այդ միավորման ստիպում է մոռանալ հարևանության գոտու մասին և զբաղվել միայն սեփական սահմաններում առկա ճգնաժամերով և անվտանգության խնդիրներով: Այս ամենը հաշվի առնելով` հայկական կողմի ակնկալիքները ԵՄ-ից պետք է նվազագույնը լինեն, քանի որ ավելին միևնույն է չի իրականանա:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում