Թուրքիան առանց արտաքին քաղաքականության «ճարտարապետի»

Թուրքիան առանց արտաքին քաղաքականության «ճարտարապետի»

Մայիսի հինգին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից: Դավութօղլուն տեղեկացրեց նաև, որ մայիսի 22-ին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարում չի ներկայացնելու իր թեկնածությունը և իր հետագա գործունեությունը շարունակելու է միայն որպես Քոնյայից ընտրված պատգամավոր: Կուսակցության ղեկավարությունից հեռանալով` Դավութօղլուն հեռանում է նաև երկրի վարչապետի պաշտոնից, քանի որ Թուրքիայում հենց իշխող կուսակցության ղեկավարն է զբաղեցնում երկրի վարչապետի պաշտոնը:

Վարաչպետն օրենսդրորեն Թուրքիայի թիվ մեկ քաղաքական դեմքն է և որոշումներ կայացնող անձը, սակայն վերջին զարգացումները վկայում են, որ ներկայիս Թուրքիայում իրավական նշանակությունը կորցրել են բոլոր օրենսդրական փաստաթղթերը: Թուրքիան անկասելիորեն վերածվում է տոտալիտար երկրի, որտեղ նույնիսկ օրենքը ենթարկվում է մեկ մարդու: Հեռանալուց առաջ Դավութօղլուն հետևյալ կերպ արտահայտվեց. «Կյանքը մարդուն շատ բան է սովորեցնում: Կան սկզբունքներ, որոնցից չեմ կարող հրաժարվել: Պաշտոններից և ոչ մեկը ես չեմ խնդրել: Երբևէ դրանց համար քարոզչություն չեմ արել կամ այդ հարցով չեմ դիմել: Ամենաուժեղ մարդը նա է, ով խաղաղ է ինքն իր հետ: Երբեք չեմ պաշտպանել որևէ բան, որին չեմ հավատացել: Հետքայլ չեմ արել նրանից, ինչին հավատացել եմ»: Այս խոսքերը միանշանակ վկայում են, որ Դավութօղլուի հեռանալը կապված է ոչ թե Թուրքիայում տիրող ճգնաժամային իրավիճակի հետ, այլ Դավութօղլու-Էրդողան միջանձնային հարաբերություններով: Էրդողանը ցանկանում էր կիրառել Պուտին-Մեդվեդև մոդելը, որը չաշխատեց, քանի որ Դավութօղլուն բավականին սկզբունքային խաղացող է, ով գիտի իր արժեքը: 

Վերջինս ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության ճարտարապետներից է, ով ակադեմիական հարթակում արտահայտած իր մտքերը փորձեց գործնական կիրառելիության տալ պրակտիկ քաղաքականության դաշտում: Գուցե Դավութօղլուի նշանակումը վարչապետի պաշտոնում այնքան էլ խելամիտ որոշում չէր, քանի որ նա ավելի մասնագիտացված էր Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտում, սակայն պետք է նաև հաշվի առնենք այն ժամանակահատվածի օբյեկտիվ բարդությունները, որոնք համընկան Դավութօղլուի վարչապետության շրջանի հետ: Դավութօղլուն բավականին մեծ հետք է թողել Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգի և ռազմավարական մտքի ձևավորման վրա: Այս հոդվածում կներկայացնենք այն հիմնական դրույթները, որոնք ընկած էին Դավութօղլուի գործունեության փիլիսոփայության հիմքում, որն էլ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ հնարավոր փոփոխություններ կարող են լինել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Նա իր հիմնական մտքերն արտահայտել է «Ռազմավարական խորք» աշխատության մեջ: Վերջինս նշում է, որ աշխարհում ազգի արժեքը որոշում են նրա աշխարհագրական տեղակայվածությամբ և պատմական խորությամբ: Նրա համոզմամբ` Թուրքիան օժտված է երկուսով էլ, ի շնորհիվ Բոսֆորի նեղուցի և օսմանյան ժառանգության: Թուրքիան կապված է Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, Բալկանների, Մերձավոր Արևելքի հետ, որը լրացուցիչ ներուժ է Թուրքիայի համար` դառնալու Իսլամական տերություն:

Դավութօղլուն ռազմավարական խորությունը հիմնական կիրառելիությունը հետևյալ կերպ էր պատկերացնում `

  •  Ռազմավարական դաշնակիցների վերադիրքավորում: Վերջինս գտնում էր, Թուրքիան պետք է խորացնի հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի, այլ նաև Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև Չինաստանի հետ: Հարկ է ընգծել, որ Դավութօղլուի արտգործնախարարության շրջանում նրա առաջ քաշած այս դրույթները բավականին հաջող կերպով կիրառվում էին, սակայն վերջին շրջանում, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ավելի նկատելի է Էրդողանի ձեռագիրը, գրեթե բոլոր դաշնակիցների հետ հարաբերությունները փչացել են:

 

  •  Երկրորդ կարևոր դրույթը Օսմանյան կայսրության հետ նույնականացումն է: Իսկապես Թուրքիան փորձում էր օսմանյան ժառանգությունն օգտագործել և վերականգնել իր ազդեցությունը նախկին կայսրության տարածքում: Իհարկե, չպետք է մոռանանք, որ շատ երկրներում Օսմանյան կայսրությունն ասոցացվում էր դաժանությունների և բիրտ ուժի կիրառման հետ, սակայն Թուրքիան հետևողակնորեն օգտվում էր փափուկ ուժի զինանոցից` մեծացնելու իր տնտեսական, մշակութային ազդեցության լծակները: Սակայն, ըստ Դավութօղլուի, Թուրքիան չպետք է բավարարվեր միայն այսքանով և անցներ Օսմանյան կայսրության սահմաններից ` հասնելով Կենտրոնական Ասիա, Աֆղանստան, Պակիստան և Մալազիա:

Վերջին բազմիցս նշում էր, որ Թուրքիան կամուրջ երկիր է և պետք է կայունության կղզի լինի այլ տարածաշրջանների համար: Այս նպատակներին հասնելու համար Դավութօղլուն առաջարկում էր հինգ սկզբունքներից բաղկացած բանաձև:

1. Ժողովրդավարություն: Արտաքին քաղաքականության մեջ հաջողությունների հասնելու համար, Դավութօղլուն կարծում էր, որ նախ պետք է Թուրքիան ներքաղաքական խնդիրները լուծի, դառնա ժողովրդավարական մոդելի պետություն, որը օրինակ կլինի հարևան երկրների համար` մեծացնելով Թուրքիայի հետ համագործակցության գրավչությունը: Սակայն ԱԶԿ-ն, Էրդողանի գլխավորությամբ, Թուրքիայի մղեց ավտորիտարիզմի անդունդը, որից դուրս գալու համար Թուրքիային դեռ շատ ժամանակ կպահանջվի:

2. Թերևս, ամենաքննարկված և հայտնին երկրորդ կետն է` զրո խնդիր հարևանների հետ, որը Թուրքիայի կատարմամբ վերածվեց զրո հարևան առանց խնդիրների: Այս տարիների ընթացքում Թուրքիան հասցրեց փչացնել հարաբերությունները գրեթե բոլոր հարևանների հետ, նույնիսկ նրանց հետ, որոնց հետ ժամանակին բավականին մտերիմ հարաբերությունների մեջ էր, ինչպիսին Սիրիան էր: Այս համատեքստում էր նախատեսված նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որը ևս տապալված կարելի է համարել:

3. Դավութօղլուն կարևորում էր նաև տարածաշրջանում ազդեցության մեծացումը: Թուրքիան հատկապես կարևորում էր Մերձավոր Արևելքում իր ազդեցության մեծացումը, որն իբրև թե պետք է կատարվեր թուրքական մոդելի տարածմամբ և գրավչության մեծացմամբ, սակայն արդյունքում Թուրքիան երկարացրեց իր արյունոտ ձեռքերը հարևան տարածաշրջանների նկատմամբ:

4. Դավութօղլուն առաջնահերթություն էր տալիս նաև բազմավեկոտր արտաքին քաղաքականության իրականացմանը: Նշվում էր, որ եթե Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, ապա չի նշանակում, որ պետք է ՌԴ-ի հետ վատ հարաբերություններ ունենա, սակայն, ինչպես վերջին մեկ տարվա զարգացումները ցույց տվեցին, այս կետը ևս հաջողությամբ տապալվեց:

5. Եվ վերջապես Դավութօղլուն առաջարկում էր ռիթմիկ դիվանագիտության կիրառման տարբերակը, ինչը նշանակում էր արտաքին քաղաքական իրադարձությունների արագ և տեղին արձագանք:

Դավութօղլուի առաջ քաշած արտաքին քաղաքական դրույթները ԱԶԿ-ի կառավարման այս կամ այն ժամանակահատվածում կիրառվեցին, սակայն Թուրքիան հեռու էր այն կատարյալ մոդելից, որն ուրվագծել էր Դավութօղլուն: Դժվար է մեկ անհատի միջոցով փոխել ամբողջ պետական մտածողությունը, մանավանդ, որ երկրի առաջին դեմքը` Էրդողանը, կողմնակից է ավելի ավտորիտար մեթոդների: Դավութօղլուի հեռանալովч սպասել, որ շատ բան կփոխվի Թուրքիայի քաղաքականության մեջ, մի փոքր չափազնացված է: Դավութօղլուի ղեկավարությամբ` թե առանց նրա երկիրն իրականում ղեկավարում է նախագահ Էրդողանը, որն աչքի է ընկնում իր զգացմունքային ու պոռթկուն բնավորությամբ, ինչն ավելի անկանխատեսելի է դարձնում Թուրքիայի արտաքին և ներքին քաղականությունը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում