Նախքան Շուշիի ազատագրումը՝ կատարվել էր կազմակերպչական իդեալական աշխատանք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նախքան Շուշիի ազատագրումը՝ կատարվել էր կազմակերպչական իդեալական աշխատանք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Հայաստանում ունենք երեք սերունդ, որ հաղթանակ է տեսել՝ Հայրենական Մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում և ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա ընդգծեց, որ Շուշիի ազատագրումը ժամանակակից պատմության ամենամեծ ու ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է:

«Այդ տարիներին ես ապրում էի Ստեփանակերտում: Քաղաքն ամեն օր ոչնչացվում էր Շուշիից, Ջանհասանից, Խոջալուից, հարակից ադրբեջանական բնակավայրերից: Ստեփանակերտի մատույցներում պատերազմ էր: Հակառակորդն ուզում էր ոչնչացնել Արցախի կենտրոնը, սիրտը: Պատերազմական գործողություններն ամենուր էին, օր էր լինում, երբ Ստեփանակերտի վրա 200-300 արկ էր ընկնում՝ ոչնչացնելով խաղաղ բնակչությանը: Նման պայմաններում Արցախի ռազմաքաղաքական իշխանությունը ձեռնամուխ է լինում Շուշիի ազատագրման նախապատրաստմանը»,- ասաց քաղաքագետը:

Նա նշեց, որ մինչ Շուշիի ազատագրումը նախապատրաստական աշխատանքները բավականին երկար են տևել: Ըստ քաղաքագետի, Արցախում ստեղծված դժվար իրավիճակներում Շուշիի ազատագրումը նախապատրաստելը շատերի համար անիրականանալի նպատակ էր թվում:

«Ստեղծված իրավիճակում ռազմաքաղաքական սպառնալիքները ոչնչացնելու համար Արցախի իշխանություններն առաջին հերթին որոշում են տանել կազմակերպչական լուրջ աշխատանքներ: Մարտի 26-ին ստեղծվում է պաշտպանության կոմիտե, հետագայում կոչվում է ինքնապաշտպանության կոմիտե, նախագահը Սերժ Սարգսյանն էր, ով առաջադրանք ուներ երկու ամսվա ընթացքում կազմակերպել ինքնապաշտպանական բոլոր ջոկատները, ապահովել դրանց նյութատեխնիկական հիմքը, մատակարարումները: Երկու ամսվա ընթացքում փաստացի ինքնապաշտպանության կոմիտեն, որի հիման վրա հետագայում ստեղծվեց Արցախի պաշտպանության նախարարությունը, կարողացավ Շուշիի շուրջբոլորը, մոտավորապես 45 կմ երկարության ռազմաճակատում, բերել և հավաքել ինքնապաշտպանական ջոկատներ, զինել: Անգամ առողջապահական ոլորտի բավականին լուրջ աշխատանքներ են տարվել, բացվում են դաշտային հոսպիտալներ: Կազմակերպչական տեսակետից կատարվել է իդեալական աշխատանք:

Այս ամենի արդյունքում, նաև Արկադի Տեր-Թադևոսյանի ռազմական բացառիկ տաղանդի շնորհիվ մշակվում է մի գործողություն, որն իրականացվում է անթերի: Մայիսի 9-ի առավոտյան արդեն Շուշին հայկական էր, առավոտյան հայ զինվորները մտնում են Շուշիի Ամենափրկիչ սուրբ Ղազանչեչոց եկեղեցի»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով, Շուշիի ազատագրումը տվեց հոգաբանական իրավիճակի, մթնոլորտի փոփոխություն: Նա նշեց, որ Ստեփանակերտում չկար մեկը, ով կասկածեր, որ հայ զինվորները կարող են վերցել Շուշին, քանի որ նախապատրաստական աշխատանքի ընթացքը, ձևն արդեն իսկ վստահություն էր ներշնչում:

«Շուշիի ազատագրումը կամքի և միասնականության հաղթանակ է, երբ համատարած պատերազմի ընթացքում մշակվում է մի ծրագիր, որ ներառում է մի շարք կոմպոնենտ՝ սկսած քաղաքական, դիվանագիտական աշխատանքներից: Շուշիի ազատագրումը հաղթանակի ոգին բերեց Արցախ, դրա արդյունքում հետագայում կարողացան զարգացնել գրոհը և բացել Հայաստանի հետ միջանցը:

Եթե խոսենք հաղթանակի գրավականի մասին, առաջին հերթին նախապատրաստական աշխատանքն էր, հասարակությանը նախապատրաստել հաղթանակի, ապահովել ամեն ինչով, ինչ պետք է հաղթանակի համար, իհարկե, նաև ռազմական ոգին, ռազմական ծրագրավորումը, որն իրականացավ իդեալական: Սա ոչ միայն ռազմական, նաև ռազմաքաղաքական լուրջ հաղթանակ ու ձեռքբերում էր:

Այս գործողությունը ուսումնասիրելուց, պետք է երկրորդ կոմպոնենտի վրա նույնպես մեծ ուշադրություն դարձնել: Հենց այս երկրորդ կոմպոնենետը հետագայում, նաև մեր օրերին նոր հաղթանակների համար ամենակարևոր գրավականներից մեկն է»,- ասաց քաղաքագետ Հ.Մելիք-Շահնազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում