Ռուսաստանը դեմ է Կասպից ծովի հատակով գազատարի շինարարությանը

Ռուսաստանը դեմ է Կասպից ծովի հատակով գազատարի շինարարությանը

Կասպից ծովում խողովակաշարերի շինարարության գծով միակողմանի որոշումներն անթույլատրելի են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Caspian Energy հանդեսին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում, հայտարարել է ԱՊՀ երկրների հետ ՌԴ սահմանների սահմանագծման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Բրատչիկովը:

«Այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հետեւողական եւ առավելագույն չափով բաց է: Բոլոր իմաստներով եզակի ջրամբարում, ինչպիսին հանդիսանում է Կասպից ծովը, մայրուղային խողովակաշարերի անցկացումը, ամենից առաջ պետք է դիտարկել բնապահպանության լույսի տակ եւ միայն հետո տնտեսության տեսանկյունից»,- նշել է Բրատչիկովը:

Դեսպանը նաև ընդգծել է, որ հարցի բնապահպանական կողմը վերաբերում է մերձկասպյան բոլոր երկրներին, եւ այդ պատճառով բոլոր որոշումները պետք է ընդունվեն համատեղ:

«Այստեղ բոլոր 5 մերձկասպյան երկրները ձայնի իրավունք ունեն, քանի որ պատասխանատվություն են կրում Կասպից ծովի ապագայի համար: Անդրկասպյան խողովակաշարարերի շինարարության գծով միակողմանի գործողություններն անթույլատրելի են», – նշել է Բրատչիկովը:

Ադրբեջանն ու Թուրքմենստանը 2011 թվականից Բրյուսելի հետ բանակցություններ են տանում թուրքմենական գազը Ադրբեջանի տարածքով ադրբեջանական «Հարավային գազային միջանցք» նախագծով Եվրոպա հասցնելու շուրջ, որն իր մեջ ներառում է Անդրադրիատիկ (TAP) եւ Անդրանատոլիական (TANAP) գազատարների նախագծերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում