Տեսնենք ինչպես են միմյանց հետ շփվելու՝ ձեռք սեղմում կլինի՞. մանրուքները շատ բանի մասին են խոսում. «Կոմերսանտ»-ի անդրադարձը

Տեսնենք ինչպես են միմյանց հետ շփվելու՝ ձեռք սեղմում կլինի՞. մանրուքները շատ բանի մասին են խոսում. «Կոմերսանտ»-ի անդրադարձը

Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները,  Վիեննայում կայանալիք ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն իր անդրադարձում գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հիշեցնելով, որ բանակցություններին ներկա կլինեն նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն։ Նրանց կարծիքով, նկատում է պարբերականը,  Բաքվի ու Երևանի միջև երկխոսությունն անհրաժեշտ է՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և հասնելու համաձայնության փոխվստահության  «ամրացման»  միջոցառումների շուրջ:

Հրապարակման մեջ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը շեշտել է, թե Ալիևը և Սարգսյանը  պետք է ականջալուր լինեն Մոսկվայի, Փարիզի ու Վաշինգտոնի կարծիքին:

«Այդ հանդիպումն ինքնին  հաստատում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի  համատեղ ձգտումը՝ անել այնպես, որ իրադրության զարգացումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթանա բանակցությունների շրջանակներում։ Նրանք գիտակցում են Մինսկի խմբի համանախագահների ազդեցությունն աշխարհում, ուստի դժվար թե պատրաստ են առանց Մինսկի խմբի հետ համաձայնեցնելու ինչ-որ քայլեր ձեռնարկել: Թե մեկ, թե մյուս կողմի փաստարկները, կարծում եմ, ստիպված կլինեն լսել»,-նշում է Ժարիխինը։

Իր հերթին Ազգային ռազմավարության հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Վալերի Խոմյակովը կարևորելով  ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, շեշտում է, թե Սարգսյանի ու Ալիևի հանդիպումից պետք չէ շատ բան ակնկալել, քանի որ Բաքվի ու Երևանի հակամարտությունը  հիմնված է բազմամյա հակասությունների վրա: 

«Տեսնենք, թե ինչպես են նրանք միմյանց հետ շփվելու՝ ձեռք սեղմում կլինի՞…այս մանրուքներն երբեմն շատ բանի մասին են խոսում։ Առաջին քայլը՝ ինչպես դա տեղի կունենա, կարող է որոշակի բազա ստեղծել կրքերի հետագա աստիճանական հանդարտեցման համար։ Սա հերթական, ընդհանուր առմամբ ոչ վատ առիթ է, որ և Միացյալ նահանգները, և Ռուսաստանը միասնական մոտեցում դրսևորեն Ղարաբաղյան հիմնախնդրի  լուծման  հարցում»,– հայտարարել է Խոմյակովը։

Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերն էլ նկատել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով  առաջին հերթին հետաքրրքված են Մոսկվան ու Վաշինգտոնը. «Բախումների դադարեցման համար հիմք կա։ Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորմանը, ապա այն հիմա այնքան հեռու է, որքան 10,15, 20 տարի առաջ։ Սա շատ լուրջ խառնում է խոշոր խաղացողների խաղաքարտերը, հենց միայն այն պատճառով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է դառնալ որպես հավելում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների: Դա ցանկալի չէր լինի. այն կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ։ Կողմերը փորձում են ամենից առաջ հենց սրանից խուսափել»:

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում