Արցախում դիմավորել են Լվովից վերադարձած մարզիկներին

Արցախում դիմավորել են Լվովից վերադարձած մարզիկներին

Երեկ երեկոյան Արցախ են վերադարձել Ուկրաինայի Լվով քաղաքում կայացած Քունկ ֆուի եվրոպական առաջնության արցախցի մասնակիցները: Շուշիի «Տանկ» հուշարձանի մոտ մարզիկներին հանդիսավորությամբ դիմավորել են Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ու մարզիկների հարազատներն ու երկրպագուները:

Քունկ ֆուի եվրոպական առաջնության ընթացքում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը, օրեր առաջ տարածվելով համացանցում, ցնցել էր հանրությանն ու մարզասերներին: Միջադեպը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մեր վայ-հարևանների վայրագ էությունը: Արցախցի մարզիկներից կրած պարտությունը ադրբեջանցիները փորձեցին մեղմել խաշնարածին վայել ձեռագրով` մահակներով ու երկաթաձողերով խմբովին հարձակվելով մեր` թվով քիչ մարզիկների վրա: Արցախում Ուշուի ֆեդերացիայի հիմնադիր Կարո Քեբաբչյանը պատմում է, որ Ադրբեջանի թիմը 40 հոգուց էր բաղկացած իսկ Հայաստանի թիմը` 9-ը, որից 5-ը Ղարաբաղից էին: «Առաջնությանը մեր թիմն աչքի ընկավ մեդալների և մարզիկների ընդհանուր մակարդակի առումով: Բայց մեր հաղթանակն ավելի շատ բարոյական նշանակություն ունեցավ, քանի որ Ուշու մարտարվեստը բարոյական արժեք է, այն մարդու մեջ առողջ մարմին ու արթուն միտք է կոփում: Ադրբեջանն ավիրեց, պղծեց Քունգ ֆուի փիլիսոփայությունը: Դրա համար էլ որոկազրկվեց ու այս տարի ոչ մի մրցաշարի այլևս չի մասնակցի: Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ գոնե մի քանի տարի նրանք Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունք չունենան»:

Միջադեպը չի ընկճել մեր մարզիկներին: Նրանք շարունակել են մրցապայքարը և հայրենիք վերադարձել փայլուն հաղթանակով:

Դավիթ Պետրոսյանը թշնամական 5 տանկ և 1 ՀՄՄ ոչնչացրած, ՀՀ Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ Մարատ Պետրոսյանի հարազատ եղբայրն է: Թե որքանով է նրա ով լինելու հանգամանքը պատճառ հանդիսացել միջադեպի համար, Դավիթ Պետրոսյանը դժվարանում է ասել: Միայն նշում է, որ թեպետ առաջնության առաջին իսկ օրից ադրբեջանցի մարզիկների հետ հարաբերությունները լարված են եղել, այնուամենայնիվ, այսօրինակ հարձակում չէին սպասում. «Մարտի երրորդ ռաունդի վերջին 20 վայրկյաններն էին: Իմ հարվածից հետո ադրբեջանցի մարզիկը այլևս ի վիճակի չէր շարունակել մարտը: Պետք է նոկաուտ տային: Այդ պահին նրանց երկրպագուներից մեկը ռուսերենով հայհոյեց ինձ, ի պատասխան ես հենց իրենց լեզվով հայհոյեցի: Դրանից էլ ամեն իչն սկսվեց ու եղավ այն, ինչ եղավ: Հետո ոստիկանություն կանչեցին, ադրբեջանցիները ցրվեցին: Վերադառնալիս նրանց օդանավակայանում հանդիպեցինք: Հաստատ նորից էին ուզում հարձակվել մեզ վրա: Բայց, տեսնելով որ Լվովի հայ տղաները եկել են մեզ ճանապարհելու և մենք շատ հոգով ենք, հասկացան, որ ոչ մի բան չեն կարող անել ու եկան, մեզանից ներողություն խնդրեցին»:

Ադրբեջանի թիմը ոչ միայն խայտառակ պարտություն կրեց, այլև կորցեց իր երկրի պետական դրոշը: Այն հայտնվեց «Տան»” հուշարձանի մոտ տեղի ունեցած միջոցառմանը և, որպես արժանի հատուցում, ոտնակոխ արվեց ներկաների կողմից: Իսկ Դավիթի ու Մարատի ծնողների հպարտությանը չափ չկար: Նրանց երկու որդիներն էլ թշնամու մոտ վախ ու հիստերիա են առաջացնում: Դա որդիների հայրենանվեր դաստիարակության ամենաբարձր գնահատականն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում