Քննական կենտրոնները պատրաստ են քննական գործընթացին. Գագիկ Մելիքյան

Քննական կենտրոնները պատրաստ են քննական գործընթացին. Գագիկ Մելիքյան

Վերջին տարիներին ավարտական և միասնական քննությունների հետ կապված բողոքները զգալիորեն կրճատվել են: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հավիրված ասուլիսում նշեց «Գնահատման և թեստավորման կենտրոնը»-ի տնօրեն Գագիկ Մելիքյանը:

«Աստիճանաբար մտնում ենք կայունացման փուլ: Ե’վ շտեմարանների, և’ կազմակերպչական հարցերի հետ կապված բողոքներն անհամեմատ պակասել են: Նախորդ տարվանից վերանայվել են բոլոր շտեմարանները, այսօր կարող ենք ամրագրել, որ շտեմարանների հետ կապված խնդիր չունենք: Խնդիր չկա նաև շտեմարանների հիման վրա կազմված թեստերի հետ»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Նրա տեղեկացմամբ, բոլոր շտեմարանները հասանելի են դիմորդներին, դրանք տեղակայված են «Գնահատման և թեստավորման կենտրոնը»-ի կայքում: Դրանից բացի, բոլոր դպրոցների գրադարաններին անվճար տրամադրվել են շտեմարանների տպագիր օրինակներ: Գագիկ Մելիքյանի խոսքով, դա հասանելի կդարձնի շտեմարաններից օգտվելու գործընթացը:

Կառավարության կողմից հաստատվել են բուհերի մասնագիտությունների, ընդունելության քննությունների ցանկը, վճարովի և անվճար տեղերի թիվը: Անվճար և վճարովի տեղերը սահմանվում են կառավարության կողմից: ՀՀ բուհերում այս տարի, ընդհանուր առմամբ, հատկացված տեղերի թիվը 13 հազար 787 է, որոնցից անվճարը` 1783:

«Այս տարի առաջին փուլի համար ունենք 11 հազար 375 դիմորդ: Այդ թիվը վերաբերում է այն բուհերի դիմորդներին, որոնցում քննությունները հանձնվում են կենտրոնացված կարգով: Համեմատության համար կարող ենք նշել, որ նախորդ տարի դիմորդների թիվը 400-ով պակաս է: Չնայած, սահմանամերձ շրջաններից ստացված դիմորդների թիվն է մեծացել»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար դիմել է 6 հազար 266 դիմորդ, «Մաթեմատիկա» առարկայի համար` 5 հազար 328, «Անգլերեն լեզու և գրականություն» առարկայի համար` 4 հազար 822: Ամենաքիչն ունի «Իտալերեն լեզու և գրականություն» առարկան` մեկ դիմորդ:

Գագիկ Մելիքյանը նշեց, որ արդեն անցկացվել են փորձական քննություններ, որոնց մասնակցել է 5 հազար դիմորդ: Նրա խոսքով, սա դիմորդներին հնարավորություն է տալիս նախապես ծանոթանալ գործընթացին և պատրաստ լինել դրան:

Հաստատվել են քննությունների օրերը: Գագիկ Մելիքյանը նշեց, որ սովորաբար ամեն տարի քննություննրն սկսվում են հունիսի սկզբին` երեքշաբթի և ուրբաթ օրերին: Այս տարի առաջին քննությունն անցկացվելու է հունիսի 3-ին, վերջին քննությունը կլինի հունիսի 24-ին:

Դիմորդները բաշխվել են ըստ քննական կենտրոնների: Այս տարի լինելու են 30 քննական կենտրոններ, որոնցից 10-ը Երևանում են, 20-ը` մարզերում: Քննական կենտրոնները կահավորված են, տեղերը` համարակալված, անհրաժեշտ սարքավորումները` տեղադրված: Գագիկ Մելիքյանը նշեց, որ քննական կենտրոնները պատրաստ են քննական գործընթացին:

Նշենք, որ քննությունների երկրորդ փուլի հայտագրումն սկսվելու է հունիսի 24-ից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում