«Չորրորդ իշխանություն». Մարգարիտ Եսայանի ինքնագովազդը՝ ԱԺ կայքում

«Չորրորդ իշխանություն». Մարգարիտ Եսայանի ինքնագովազդը՝ ԱԺ կայքում

ՀՀԿ-ական պատգամավորներն արդեն ԱԺ պաշտոնական կայքն են դարձրել իրենց քարոզչության համար ամբիոն: Բանն այն է, որ օրերս ԼՂՀ են մեկնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամները և հանդիպել ԼՂՀ նորանշանակ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի, ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանի հետ: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանություն»-ը:

«Միայն թե, ԱԺ պաշտոնական կայքում, պատգամավորների այցի մասին լուրի մեջ ներկայացված են բացառապես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքերը՝ նրանից ծավալուն մեջբերումներով: Մինչդեռ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, ԼՂՀ-ում կայացած հանդիպման ժամանակ ընդարձակ ելույթներ են ունեցել նաև ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանն ու Կարեն Շահնազարյանը, բայց նրանց խոսքերի մասին չկա և ոչ մի տող: Իսկ սա, թերևս, պատահական չէ: «ՉԻ»-ին հաջողվեց պարզել, որ պատգամավորներին խորհրդարանի լրատվության վարչության աշխատակիցներից որևէ մեկը չի ուղեկցել, այլ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված տեքստի հեղինակն անձամբ նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն է, որը փորձել է ինքն իրեն գովազդել»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում