«Հրապարակ». «Հորս կառուցած տունն ա, ի՞նչ ես ուզում, այ տղա». Արամ Հարությունյանը՝ լրագրողին

«Հրապարակ». «Հորս կառուցած տունն ա, ի՞նչ ես ուզում, այ տղա». Արամ Հարությունյանը՝ լրագրողին

Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ, նախկին նախարար ու նախկին մարզպետ Արամ Հարությունյանը լրագրողներին երևի իր ենթակաների հետ է շփոթել։ Նրան թվում է, թե մեզ հետ կարող է ինչպես ցանկանա, այնպես խոսի, մուննաթ գա, վիրավորի, էլ չենք ասում՝ հայհոյի, բացահայտ ստի մեջ մեղադրի, հանդիմանի։ Որ ձեռքը ճար լինի, երևի կհարձակվի մեզ վրա ու հում-հում «կհոշոտի»: Երեկ Արամ Հարությունյանին դուր չի եկել կոռուպցիայի և իր ունեցվածքի վերաբերյալ «Հրապարակ»-ի հարցերը, ու նա որոշել է «քֆուր դնել» իրեն նման հարցեր տալու առիթով։ Մինչդեռ հարցերը բացառապես վերաբերում էին նրա հայտարարագրած և մամուլով հրապարակված ունեցվածքին։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նրան են պատկանում «Հայպետնախագծի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հայրենի Եղվարդում շինարարական կազմակերպություն, նա մասնաբաժին ունի նաև ձկնաբուծական բիզնեսում, շքեղ առանձնատուն կառավարության սիրելի թաղում՝ Մոնումենտի տարածքում, բնակարան Փարպեցի փողոցում։

– Պարոն Հարությունյան, Ձեր խիղճը հանգի՞ստ է այս հարցում, մասնավորապես՝ Ձեր ունեցվածքի և դրանում որևէ կոռուպցիոն ռիսկ չպարունակելու հարցում: Եթե վարչապետը որոշի ստուգել Ձեր ունեցվածքն ու դրանց աղբյուրները, Դուք կարո՞ղ եք պարզերես կանգնել և թափանցիկ ներկայացնել դրանք:

– Ամենաանհեթեթ հարցն է, հասկանո՞ւմ եք: Եթե ներկայացվում է հայտարարագիր, ուրեմն ուղղակի պետք է կարդաս հայտարարագիրն ու աղբյուրը տեսնես:

– Մենք կարդում ենք ու չենք հասկանում՝ ինչպե՞ս է պետական պաշտոնյան միջին աշխատավարձով շքեղ դղյակներ կառուցում, հսկայական ունեցվածք կուտակում:

– Ուրեմն Ձեզ խնդրում եմ, իմ հայտարարագիրը վերցրեք, ես Ձեզ կբացատրեմ, որ Ձեր գլուխը մտնի:

– Իմ գլուխը մտցնելու կարիք չկա: Դուք Եղվարդում հսկայական առանձնատուն ունեք, դա, օրինակ, ի՞նչ միջոցներով եք կառուցել:

– Հիմի որ ասեմ, ստի՞… (այս մասը նա արդեն ցածրաձայն ասաց, որ ձայնագրիչի մեջ չլսվի):

– Ի՞նչ…

-Դուք տեսե՞լ եք իմ առանձնատունը:

– Ես լսել եմ, որ նման տուն ունեք այնտեղ:

– Հիմի, որ ասեմ՝ ստի… (ու նորից՝ նույնը): Հորս կառուցած տունն ա, ի՞նչ ես ուզում, այ տղա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում