Արվեստագետն իր գործով կարող է մեծ բան փոխել անհանդուրժողականության մթնոլորտում. Ս. Սարգսի տոնին նվիրված մրցույթի հաղթող (ֆոտո)
Նմանատիպ
Արարատյան Հայրապետական թեմի կողմից այսօր պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնվեցին Ս. Սարգսի տոնի առթիվ կազմակերպված ցուցահանդես-մրցույթների գեղանկարչություն, կերպարվեստ, գրաֆիկա, կիրառական արվեստ, քանդակ անվանակարգերում լավագույնը ճանաչված 18 աշխատանքների հեղինակներին:
Նրանք ներկայացնում են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան ու Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը:
Ստեղծագործական բուհերում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տոնական թեմատիկ ցուցահանդես-մրցույթ կազմակերպվում է արդեն երկու տարի:
Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը, ով Նավասարդ Սրբազանի անունից հանձնեց մրցանակները, իր խոսքում նշեց, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի գլխավոր նպատակն է այս ցուցահանդես-մրցույթների միջոցով երիտասարդությանը ծանոթացնել Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներին, տվյալ պարագայում՝ շեշտվում է Սուրբ Սարգսի օրինակը՝ որպես քաջ ու հաղթող զինվորի, և Աստծո նկատմամբ ունեցած սիրո և հավատքի:
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանող Հայկուհի Մինասյանը, ում աշխատանքը ևս լավագույնն է ճանաչվել, մեզ հետ զրույցում նշեց, որ մի թեմայի շուրջ աշխատելու հնարավորությունը լայն մտածողության տեղիք է տալիս:
Հայկուհու սիրած գույներն ոսկեգույն ու ծիրանագույնն են, ասում է՝ հարուստ գույներ են. «Պատկերել եմ իմ պատկերացրած սերը, ինձ համար կարևոր է քրիստոնեությունն ու իմ հավատը, որը նույնպես կա իմ նկարում: Իմ ստեղծագործություններում ջերմություն, սեր, երջանկություն կա, ես սեր եմ քարոզում և նկարներս դիտողներից յուրաքանչյուրն իր համար ջերմություն գտնում է: Ես կարծում եմ, որ ցանկության դեպքում արվեստագետն իր գործով կարող է մեծ բան փոխել անհանդուրժողականության մթնոլորտում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում