Օլանդը ծայրահեղականներից մշակութային ժառանգության պաշտպանության երեք սկզբունք է առաջարկել

Օլանդը ծայրահեղականներից մշակութային ժառանգության պաշտպանության երեք սկզբունք է առաջարկել

Համաշխարհային հանրակցությունը պարտավոր է մշակութային ժառանգությունը պաշտպանել ահաբեկիչներից եւ ծայրահեղականներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ելույթ ունենալով «յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որն ընթանում է ճապոնական Իսե-Սիմա (Միեի պրեֆեկտուրա) ազգային զբոսայգում:

Նրա կարծիքով՝ այդ հարցում անհրաժեշտ է առաջնորդվել երեք սկզբունքով, որոնք ձեւակերպել է Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը: «Նախ՝ հարկավոր է պայքարել մշակութային արժեքների մաքսանենգության դեմ»,- ասել է նա: «Երկրորդ գերակայությունը ձգտումն է, որ մշակութային ժառանգության օբյեկտները չհայտնվեն ահաբեկիչների ձեռքում»,- հավելել է Օլանդը, ենթադրելով, որ առանձին պետություններ կարող էին ժամանակավորապես ընդունել մշակութային արժեքներն այն երկրներից, որտեղ դրանք գտնվում են սպառնալիքի տակ: «Երրորդ՝ տուժած օբյեկտների վերականգնումը»,- հավելել է նա:

Խոսելով ծայրահեղականներից մշակույթի պաշտպանությանն իր հավատարմության մասին՝ Օլանդն ընդգծել է, որ «ահաբեկըիչները ցանկանում են ոչնչացնել պատմությունը»:

«Երբ մենք տեսանք, թե ինչպես էր ավերվել Պալմիրայի մի մասը, կողոտպվել Իրաքի թանգարանները, ես որոշեցի, որ մենք պետք է հակազդելու կոչ անենք համաշխարհային հանրակցությանը»,- պարզաբանել է նա:

«Ահաբեկչության դեմ պայքարը քաղաքակրթությունը պաշտպանելու պայքար է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

G7-ի գագաթնաժողովը բացվել է Խաղաղ օվկիանոսի ափին ընկած ճապոնական Իսե-Սիմա (Միեի պրեֆեկտուրա) ազգային զբոսայգում: Այն կտեւի երկու օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում