Պահանջում են 200 հազար ՀՀ դրամ փոխհատուցում՝ երեք ժամից ավելի ոստիկանությունում պահվելու համար

Պահանջում են 200 հազար ՀՀ դրամ փոխհատուցում՝ երեք ժամից ավելի ոստիկանությունում պահվելու համար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի վարույթում է գտնվում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման պահանջով քաղաքացու հայցադիմումը: Այն դատարան է ներկայացվել այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բարոյական վնասի հատուցման ինստիտուտի ներառման ուժով:

Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց հայցվոր Լուսինե Հովսեփյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը, հայցվորը 2013թ. մասնակցել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային և բերման ենթարկել ոստիկանություն, որտեղ պահվել է օրենքով նախատեսված երեք ժամից ավելի, այն է՝ երեք ժամ քսան րոպե:
Հայցվորն ու իր ներկայացուցիչն ավելի վաղ հակընդդեմ հայց էին ներկայացրել Վարչական դատարան, երբ ոստիկանությունը հայց էր ներկայացրել Լուսինե Հովսեփյանի դեմ: Հակընդդեմ հայցում, ինչպես նշեց Արամազդ Կիվիրյանը, իրենք պահանջում էին ամբողջությամբ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները՝ սկսած ձերբակալությունից, բերման ենթարկելուց և վերջացրած՝ թույլատրելի ժամկետից ավելի պահելով և այլն՝ հիմք ընդունելով նաև այն, որ տվյալ դեպքում անձը զրկվել էր խոսքի ազատ արտահայտման իրավունքից:

Վարչական դատարանում հակընդդեմ հայցը բավարարվել էր մասնակի, ոչ իրավաչափ էին ճանաչվել միայն Լուսինե Հովսեփյանին անօրինական կերպով՝ երեք ժամից ավելի ոստիկանությունում պահվելու հետ կապված ոստիկանության գործողությունները:

Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ իրենք ավելի ի շատ ակնկալիքներ են ունեցել Վարչական դատարանից՝ կարծելով, որ Վարչական դատարանը կկայացնի արդար դատական ակտ, մասնավորապես, ոչ իրավաչափ կճանաչվեն այդ օրն ոստիկանության գործողություններն ընդհանրապես, ինչը տեղի չի ունեցել: Ա.Կիվիրյանը նշեց, որ դա եզակի դեպք չէ, Վարչական դատարանը նմանատիպ գործերով հիմնականում բավարարում է ոստիկանության հայցերը և մերժում ներկայացված հակընդդեմ հայցերը: «Դա ցավալի պրակտիկա է: Հուսով եմ, որ տարիների ընթացքում այդ պրակտիկան կվերանա, սակայն այս պահի դրությամբ այդ մասին խոսելը դեռևս շատ շուտ է»,- ասաց փաստաբանը:

Արամազդ Կիվիրյանը նշեց, որ հաշվի առնելով, որ ուժի մեջ մտած օրենսդրական նոր կարգավորումներով Քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս բարոյական վնասի հատուցում, այսինքն՝ որպես ինստիտուտ քաղաքացիական օրենսդրության մեջ այն ներառված է, հայցադիմում է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան՝ 200 հազար ՀՀ դրամի չափով ոչ նյութական վնասի փոխհատուցման հայցապահանջով՝ երեք ժամից ավելի ոստիկանությունում պահվելու համար:

«Մենք ըստ էության առավելագույն պահանջը չենք ներկայացրել: Մենք ներկայացրել ենք ընդամենը 200 հազար ՀՀ դրամի ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ և գտնում ենք, որ դա ավելի քան ողջամիտ է»,- ասաց Ա.Կիվիրյանը:

Փաստաբանը հայտնեց նաև, որ պատասխանող կողմը հայցադիմումի վերաբերյալ մինչև օրս դիրքորոշում չի հայտնել, դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:

«Չեմ կարող ասել ինչի հետ է կապված: Միգուցե իրենք վստահ են, որ հայցը կմերժվի, դրա համար որևէ գործողություն չեն իրականացնում: Իրենցից կախված չէ, այս պահի դրությամբ ամբողջ գործը կախված է դատարանից, և ես վստահ եմ, որ դատարանը կկայացնի արդարացի դատական ակտ»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:

Ի դեպ, այսօրվա դատական նիստին պատասխանող կողմը չէր ներկայացել: Հայցվորի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դիրքորոշում հայտնեց, որ պատասխանողի բացակայության պայմաններում հնարավոր է համարում դատաքննության անցկացումը: Սակայն դատարանը որոշեց պատասխանողին ևս մեկ հնարավորություն տալ՝ դատարան ներկայանալու համար, և դատական նիստը հետաձգեց մինչև հուլիսի 20-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում