Իտալական երեք քաղաքների կողմից Ցեղասպանության ճանաչման փաստաթղթերը հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Իտալական երեք քաղաքների կողմից Ցեղասպանության ճանաչման փաստաթղթերը հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Իտալիայի Չիվիտա Կաստելլանա, Կանոզա և Մոնատե քաղաքների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթուղթը հանձնվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին: Փաստաթուղթը փոխտնօրենին հանձնեց Իտալիայի հայոց միության ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սվազյանը: Նա իր խոսում նշեց, որ սրանք նաև քաղաքական քայլեր են, սակայն երբ դրանց թիվը մեծանում է, Իտալիայի վարչապետը կամ նախագահը չեն կարող լուռ մնալ:

Մանուկյանը նշեց, որ թանգարանում կա առանձին բաժին, որտեղ պահվում են ճանաչման բոլոր փաստաթղթերը և իտալականներն ամենահաստափոր ֆոնդում են: Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը յուրաքանչյուր փոքր քաղաքի, նահանգի կամ երկրի կողմից շատ կարևոր է: Նախ՝ ցանկացած նման ճանաչում բարձրացնում է իրազեկությունը Հայոց ցեղասպանության մասին. թեման սկսում է շրջանառվել, իսկ մարդիկ առավել տեղեկացված և հետաքրքված են դառնում: Երկրորդ, խնդիրը, որ լուծվում է, ինքնապատակ չէ: «Ճանաչման կարևորագույն խնդիրը այս թեման միջազգային ասպարեզ բերելն է և դրանով ՀՀ ազգային անվտանգության մակարդակը բարձրացնելը: Հայոց ցեղասպանության մասին ամեն անգամ խոսելիս առաջին հերթին ճնշում ենք գործադրում Թուրքիայի վրա՝ ստիպելով նրան պաշտպանվել, անել հակադարձ քայլեր, այլ ոչ թե նախահարձակ լինել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց փոխտնօրենը: Նա նաև կարծիք հայտնեց, որ այս գործընթացը վերջ չունի և անընդհատ ընթացքի մեջ է. ամեն նոր երկրի ճանաչում կարող է նոր բան տալ:

Ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել են իտալական Չիվիտա Կաստելլանա քաղաքի, ապրիլի 7-ին՝ Իտալիայի Միրանո նահանգի Մոնատե քաղաքի և մայիսի 16-ին՝ Կանոզա քաղաքի խորհուրդները: Իտալիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերախությունն է հայտնել տեղական իշխանությունների նահանգային և քաղաքային 107 խորհուրդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում