ՀԱՊԿ երկրների ՆԳՆ-երի և ոստիկանությունների ղեկավարները երևանյան հանդիպումն ամփոփել են արձանագրությամբ

ՀԱՊԿ երկրների ՆԳՆ-երի և ոստիկանությունների ղեկավարները երևանյան հանդիպումն ամփոփել են արձանագրությամբ

ՀՀ ոստիկանությունում մայիսի 26-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների եւ ոստիկանության ղեկավար կազմի հանդիպումը, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարի տեղ ակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Կարաեւը, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Եռլան Թուրգումբաեւը, Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Կուրսան Ասանովը, Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի տեղակալ-պետական քարտուղար, ՌԴ 1-ին դասի պետական խորհրդական Իգոր Զուբովը, Տաջիկստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Աբդուռահմոն Ալամշոզոդան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, քննարկվել են հանցավորության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ-պետությունների համագործակցության, ներքին գործերի մարմինների համար կադրերի պատրաստման, իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների փոխգործակցության մեխանիզմի հանձնարարականների մշակման, հատուկ տեխնիկայի եւ միջոցների մատակարարման արտոնյալ պայմանների, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի եւ խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների պատրաստականության բարձրացման հարցեր:

Միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը ՀԱՊԿ ձեւաչափով հակազդելու լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ ելույթ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Օրակարգի հարցերի քննարկման ընթացքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է միավորել ՀԱՊԿ անդամ պետությունների բոլոր կարողությունները եւ կատարելագործել համագործակցությունը ահաբեկչության, թմրասպառնալիքների, կազմակերպված հանցավորության, հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարում:
Քննարկման արդյունքներն ամփոփվել են կառուցողական հանդիպման ավարտին ստորագրված արձանագրությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում