ՀՀ ՏԿ նախարարը կարևորել է Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության հարցում «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ միասնական դիրքորոշումը

ՀՀ ՏԿ նախարարը կարևորել է Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության հարցում «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ միասնական դիրքորոշումը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 26-ին հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով ռուս գործընկերոջը` նախարարը նախ իր գոհունակությունն է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի աշխատանքից, ապա շեշտել, որ «Հարավկովկասյան երկաթուղին» սերտ համագործակցում է նախարարության հետ ու բավականին ջերմ հարաբերություններ են ձևավորվել:

Հաորդագրության մեջ նաև նշված է. ««Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Օլեգ Բելոզյորովը նշեց, որ Երևանում անցկացված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստի ժամանակ իրենք ամփոփել են 2015 թվականի ընկերության աշխատանքի արդյունքները: Ըստ Օլեգ Բելոզյորովի՝ այն ինչ հնարավոր էր անել միացյալ աշխատանքով, կատարվել է, այն կարելի է գնահատել արդյունավետ։

Հանդիպման ժամանակ նախարարը հատկապես կարևորեց Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հայաստանի հարավային երկաթուղու» (Հայաստան-Իրան) շինարարության վերաբերյալ միասնական դիրքորոշման և հետագա համագործակցության հարցերը:

Հանդիպման ավարտին անդրադարձ եղավ նաև Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների բարելավման, հայկական երկաթուղու արդիականացման և անվտանգության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին, զարգացման ծրագրերին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում