ՀՀ և ԼՂՀ պատանի երաժիշտ-կատարողները հանդես եկան հերթական դասական համերգով

ՀՀ և ԼՂՀ պատանի երաժիշտ-կատարողները հանդես եկան հերթական դասական համերգով

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում 2013 թվականին մեկնարկած «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» շրջանակներում կայացավ դասական համերգ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբուխանյանի խոսքով՝ դեռեւս 2013 թվականից են սկսել փնտրել 11-20 տարեկան երիտասարդ տաղանդների, ում հնարավորություն է տրվել ծրագրի շրջանակներում զարգացնել իրենց ներուժը: Ըստ ծրագրի ձեւաչափի՝ երաժշտական գործիքներից ընգրկված են դաշնամուրը, ջութակը եւ թավջութակը:

«Ծրագիրը կարեւոր է նրանով, որ մենք փորձում ենք հնարավորինս վաղ տարիքում բացահայտել իսկապես տաղանդավոր, բացառիկ տաղանդ ունեցող երեխաների, ովքեր կարող են ժամանակի ընթացքում իսկապես իրենց դրսեւորել եւ Հայաստանը միջազգային բեմերում դարձնել ավելի մրցունակ»,- ասաց վաստակավոր արտիստը:

Նա նշեց, որ ծրագիրը նախատեսված է ամբողջ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի երեխաների եւ երիտասարդների համար: Ընդունելությունը իրականացվում է 2 փուլով: 200 դիմորդներից այժմ ծրագրում ընդգրկված են ընդամենը 15-ը` 9 դաշնակահար, 4 ջութակահար եւ 2 թավջութակահար:

Արմեն Բաբախանյանի խոսքով՝ միայն տաղանդ ունենալը քիչ է, պետք է նաեւ լինել շատ աշխատասեր:

«Ծրագրի շրջանակներում երեխաների հետ աշխատում են լավագույն մասնագետները: Մենք չենք վերցնում երեխային դպրոցից, նա մնում է դպրոցում, ունի իր ուսուցիչը, սակայն կան նաեւ մեր մասնագետները, ովքեր լսում են երեխաներին, խորհուրդներ տալիս: Այժմ ցանկանում ենք հրավիրել օտար մասնագետների, ուսունասիրում ենք նաեւ տարբեր դպրոցներ՝ ամերիկյան, գերմանական, քանի որ մոդելները տարբեր են, պետք է այդ բոլորից վերցնել հնարավորինս լավը»:

Նրա խոսքով՝ ծրագրի անդամները մեծ հաջողություններ ունեն նաեւ միջազգային հարթակում, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր են:

Ծրագրի անդամ Ռոման Նամալյանը սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկրորդ կուրսի դաշնամուրային բաժնում, նրա խոսքով՝ նվագել սկսել է դեռեւս 6 տարեկանից: «Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչ է տվել իրեն այս ծրագիրը, նա պատասխանեց.

«Այս ծրագիրը տալիս է ժամանակի մեջ ճիշտ զարգացման հնարավորություն: Այն նախատեսված է մինչեւ 20 տարեկան երաժիշտների համար, այսինքն՝ զարգացման այդ փուլի համար, երբ երաժիշտը պետք է արդեն ունենա համապատասխան պաշար, քանի որ 20-ից հետո նրանք արդեն կատարողներ են»:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան Անահիտ Առուշանյանը, Ռոման Նամալյանը, Անդրեյ Կուրպետը, Խաչիկ Անդրեասյանը, ինչպես նաեւ Սեդա Բաբախանյանը, ով ծրագրի թեկնածուներից մեկն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում