Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին թարմ առաջարկներ են պակասում

Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին  թարմ առաջարկներ են պակասում

Առաջին անգամ Վիեննայի բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է դրանց, նշելով` «Վիեննայի հանդիպումը հաջող էր։ Ակնկալում ենք, որ շուտով, առանց ժամանակ կորցնելու, կմեկնարկեն շատ լուրջ, միջնորդների խոսքով՝ էական, այսինքն՝ բովանդակային բանակցություններ»: Խոսելով բանակցային գործընթացի մասին, Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն էլ է ցանկանում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այն, որ Ադրբեջանը վաղուց է ձգտում ձևավորված ստատուս քվոն փոխել գաղտնիք չէ, իսկ ապրիլյան ագրեսիան դրա լավագույն վկայությունն է և բանակցային գործընթացում ադրբեջանական դիրքերն ամրապնդելու միջոց :

Հատկանշական է, որ համնախագահները ևս խոսում են ներկայիս ստատուս քվոյի անընդունելի լինելու մասին, սակայն իրենց հայտարարություններում մշտապես հղում են կատարում 1994- 1995թթ-ի համաձայնագրերին: Թվում է` Մինսկի խումբն այս երկու տասնամյակի ընթացքում այդպես էլ չի կարողանում նոր առաջարկներ մատուցի, որոնք որոշակի զիջումներով կբավարարեն երկու կողմերին էլ:

Եվ հարց է առաջանում` արդյոք ակնհայտ չէ համանախագահների համար, որ նման քայլերով շարժվելու դեպքում հակամարտությանը քաղաքական լուծում չի տրվելու, և լայանամասշտաբ պատերազմի վերսկսումն անխուսափելի է դառնալու: Մինչ այժմ Արցախյան հակամարտության լուծման բազմաթիվ տարբերակներ են շրջանառվել և ներկայումս բանակցությունների սեղանին Մադրիդյան սկզբունքներն են: Ապրիլյան պատերազմի օրերից շրջանառվում են Արցախյան հակամարտության կարգավորման փուլային կամ փաթեթային տարբերակներին վերադառնալու հավանականությունը, ուստի անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ դրույթներ են բովանդակում կարգավորման այդ տարբերակները:

1997թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին Արցախյան հակամարտության կարգավորման «փաթեթային» կոչվող տարբերակը, համաձայն որի նախատեսվում էր բուֆերային գոտու ստեղծում և խաղաղապահների տեղակայում, ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանի կազմ, փախստականների վերադարձ, հաղորդակցական ուղիների ապաշրջափակում, երկաթուղային կապի ապահովում Ադրբեջանի և Հայաստանի միջև Բաքու-Հորադիզ-Մեղրի-Օր դուբադ-Նախիջևան-Երևան երթուղով, Լաչինի միջանցքի միջազգային վարձակալում (ԵԱՀԿ կողմից) և դրա տրամադրում ԼՂ իշխանություններին, Շուշիի և Շահումյանի շրջանի հարցերի լուծում և այլն: Այս տարբերակում խնդրի լուծումը դիտարկվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, որն անշուշտ անընդունելի էր հայկական կողմի համար: Այնուհետև առաջ քաշվեց «փուլային» տարբերակը, որը բովանդակում էր վերը նշված կետերի կատարումը, որից հետո պետք է լուծում տրվեր ԼՂ կարգավիճակին: Կարգավորման այս տարբերակին դեմ արտահայտվեց Արցախյան պատվիրակությունը: Այնուհետև 1998թ. ներկայացվեց «ընդհանուր պետության» ստեղծման տարբերակը, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է պետական և տարածքային կազմավորում հանրապետության ձևով, որը կազմավորում է ընդհանուր պետություն Ադրբեջանի հետ» մեթոդաբանության վրա, այդ փաստաթղթում լուծում էր առաջարկվում նաև Շուշիի և Շահումյանի ապագա կարգավիճակների համար:
Նախքան 2007թ-ին ներկայացված Մադրիդյան սկզբունքները 2001թ.–ին առաջարկվեց նաև «Փարիզյան սկզբունքները», որտեղ նշվում էր, որ նախկին ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ և անցնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո: Հասկանալի է, որ ադրբեջանական կողմը հավանություն չտվեց այս տարբերակին:

Եվ 2007թ-ից ի վեր բանակցությունների սեղանին են Մադրիդյան սկզբունքները, որոնց ոչ բոլոր կետերն են բացահայտված: Հիմնական սկզբունքները երեքն են տարածքային ամբողջականության պահպանում, ուժի չկիրառում և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքներ: Իսկ կարգավորման հրապարակված վեց տարրերը, ըստ Լ’Ակվիլայի հայտարարության, հետևյալն են.
• Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ,
• Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ,
• Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք,
• Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում` իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով,
• Ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, եւ
• Անվտանգության միջազգային երաշխիք, որ կներառի նաև միջազգային խաղաղապահ գործունեություն:

Ստացվում է, որ գրեթե տաս տարի ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկում է բանակցել հարցերի շուրջ, որոնք ի սկզբանե ընդունելի չեն կողմերի համար: Ապրիլյան քառօրյա պատերազմը պետք է որ նոր ազդակ հանդիսանա Մինսկի խմբի համանախագահների համար ավելի իրատեսական լուծումներ առաջարկելու համար: Կրկին արդիական է դառնում Արցախի Հանրապետությունը բանակցային սեղան վերադարձնելու հրամայականը: Ադրբեջանի բանակի վերջին վայրագությունները, մասնավորապես` քաղաքացիական բնակչության և զինվորների նկատմամբ իրականացրած անմարդկային ոճրագործությունները ապացուցում են, որ Արցախի Հանրապետությանը անկախ պետություն ճանաչելուց բացի, այլ կարգավիճակ հնարավոր չէ շնորհել: Ադրբեջանցիներին սերմանվող ատելությունն անհնարին է դարձնում նաև փախստականների վերադարձը, քանի որ այդ կերպ նոր արյունահեղություններ կարող են տեղի ունենալ: Հայկական երկու պետությունների համար ակնհայտ դարձավ, որ բանակցային գործընթացը կարող է ձգվել այնքան, մինչ Ադրբեջանի ղեկավարությունը վստահություն ունենա և լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսի: Իսկ մինչ այդ մենք պետք է բոլոր ճակատներում պատրաստ լինենք:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում