Երևան կժամանի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական տնօրենը

Երևան կժամանի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական տնօրենը

«Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի հրավերով հունիսի 4-ին Երևան է ժամանելու աշխարհի առաջատար օպերային թատրոններից մեկի՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը։ Ամենահայտնի օպերային բեմերից մեկի երաժշտական տնօրենը՝ որպես հատուկ հյուր, ներկա է լինելու հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամից:

Երաժշտական այս իրադարձությանը հետևելու համար Երևան կժամանեն նաև երաժշտական աշխարհի հեղինակավոր այլ անձինք, արվեստի կառավարիչներ, ովքեր հնարավորություն կունենան մրցույթի շրջանակներում հայտնաբերելու երիտասարդ տաղանդների։

Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, մեկնարկելու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ։ Մրցույթին մասնակցելու համար այս տարի դիմել է 57 դիրիժոր՝ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից։ Նրանցից ընտրվել են 14-ը, ովքեր հունիսի 6-14-ը կպայքարեն մրցութային տեղերի համար։

Խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), Դեյվիդ Ուելտոնը (Մեծ Բրիտանիա), Միխալիս Իկոնոմուն (Հունաստան), Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլլի), Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ), Վահագն Պապյանը (Իսրայել/Հայաստան)։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։ Խաչատրյանական մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվելում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում