Մեծագույն սխալ էր ԼՂ-ին բանակցություններից դուրս մղելը. վերադարձը կախված է հայկական կողմի ակտիվությունից նաև

Մեծագույն սխալ էր  ԼՂ-ին բանակցություններից դուրս մղելը. վերադարձը կախված է  հայկական կողմի ակտիվությունից նաև

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության երրորդ կողմ  ոչ մի երկիր չի ցանկանա լինել,  իհարկե, Թուրքիան ամեն կերպ փորձում է ներխուժել  կարգավորման դաշտ, բայց նրան այնտեղ դեռ ոչ մեկ չի սպասում: Այս մասին Times.am-ի հետ զրույցում  ասաց ՌԴ գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը:

Կոնֆլիկտի երրորդ կողմ ոչ մեկ չի ցանկանա լինել,  մենք ունենք այն ձևաչափը, որն ունենք: Իհարկե, Թուրքիան ամեն կերպ փորձում է ներխուժել և մասնակցել կարգավորման գործընթացին, բայց  նրան դեռ այնտեղ ոչ մեկ չի սպասում: Այսօր մենք ունենք հակամարտության երկու կողմ, իսկ եթե հիշենք 1994 թվականը, երբ կնքվեց հրադադարի համաձայնագիրը, իսկ ստորագրող կողմերից մեկը Ղարաբաղն էր, ապա կարելի է ասել  կա կոնֆլիկտի երեք կողմ: էՎրաստանի հետ  բանակցություններ ենք վարում Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցով, որին վերջիններս մասնակցում են, հակառակ դեպքում կստացվեր, որ Ռուսաստանը համաձայնում է Վրաստանի մոտեցմանը, թե այդ պետություններն իր կողմից օկուպացվել են: Ուստի այն, որ բանակցություններում չկա Ղարաբաղի ներկայությունը, դա  մեծագույն բացթողում է: Եվ անգամ այն, որ  իրավիճակը պահվում է պատերազմի եզրին, դա բնավ միջազգային միջնորդների շնորհքը չէ, այլ, որ առկա է ռազմաքաղաքական բալանս:  Ադրբեջանը չի կարող նոր պատերազմ սկսել, քանի որ տանուլ կտա: Այսօր նրա խնդիրն է տարածաշրջանում փոխել ուժերի ռազմական հավասարակշռությունը կամ հասնել Հայաստանի կապիտուլացիային՝ նրան ուժասպառ անելու կամ թուլացնելու ճանապարհով: Մենք այսօր այս քաղաքականության ականատեսն ենք, որը  կշարունակվի:

-Դուք մեծագույն սխալ համարեցիք Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանից հեռացնելը, ե՞րբ հնարավոր կլինի ուղղել այս սխալը և նրան դարձնել բանակցային կողմ:

-Սա հայկական դիվանագիտության խնդիրն է, որքան այն  ակտիվ լինի, այնքան արագ այդ հեռանկարային պահը կհասնի: Սակայն դեռ ոչ մի ակտիվություն չի նկատվում:

-Այսինքն դա կախված է հայկական կողմից՝ հայաստանյան իշխանություններից:

-Այո, այդ թվում: Հայկական խնդիրներն առաջին հերթին հայերը պիտի լուծեն: Մտածել, որ Ռուսաստանն Աբխազիայից հետո կճանաչի Լեռնային Ղարաբաղը, կամ Արևմուտքը Կոսովոյից հետո...տեսնում ենք, որ այդ սպասելիքները չեն արդարացվում: Ամեն մեկն իր հետաքրքրություններն ունի, հայկական հետաքրքրությունների խնդիրը  պետք է լուծի հայկական քաղաքականությունը  և դիվանագիտությունը:

-Վերադառնալով վերևում շոշափված թեմային՝ Իրանն իրականում հետաքրքրվա՞ծ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն անմիջական մասնակից դառնալու խնդրում:

Իրանին բավական են իր խնդիրները, նա հիմա երջանիկ է, որ չկա Հարավային Ադրբեջանի խնդիր և ԱՄՆ-ն հրաժարվել է  իրանական միջուկային ծրագրի հետ կապված ռազմական լուծումից: Ըստ այդմ՝ Իրանը կփորձի առավելագույնս օգտվել այս խաղաղ կարճատև դադարից, ոչ մեկ չգիտի այն որքան կտևի: Այսինքն՝ առաջին հերթին ոչ թե ցանկություն, այլ հնարավորություն չկա միջնորդի դեր ստանձնելու, որովհետև նախևառաջ սեփական խնդիրները պետք է լուծել: Երկրորդ՝ ո՞ր դերում այստեղ պիտի հանդես գա Իրանը. միջնորդ Ադրբեջանի միջև, որի հետ բավականին  բարդ հարաբերություններ ունի, Հայաստանի դեպքում… առանց այն էլ միջնորդները մեզանում բավականին շատ են և Իրանը  սկզբունքային ոչ մի նոր բան բանակցային գործընթաց չի կարող բերել: Չեմ կարծում, թե Թեհրանն այս հարցով լրջորեն կզբաղվի, գուցե ինչ-որ ակտիվություն դրսևորի,  բայց լրջորեն դժվար թե զբաղվի:

-Համանախագահող բոլոր երկրները պնդում են, որ ղարաբաղյան հակամարտությունը պիտի կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, արդյո՞ք նրանք վերջնական խաղաղության նույն ճանապարհն են տեսնում:

-Երևի տարբեր են. Ռուսաստանը փորձում է պահպանել իրեն և իր քաղաքակրթությունը, իսկ Եվրոպան…եթե ժամանակին այն անհասանելի դրախտ էր, ապա այսօր Եվրոպային բավական են իր խնդիրները: Ուստի պետք է հուսալ, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում կգիտակցեն, որ ընդհանուր բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ճիշտ է լուծել Ռուսաստանի հետ համագործակցելով: 

-Ներկա փուլում ինչ սպասել հունիսին  ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից՝ հաշվի առնելով նաև Վիեննայի հանդիպումն ու  դրան նախորդած ժամանակահատվածը:

Կհանդիպեն, կխոսեն, լավագույն դեպքում կպայմանավորվեն հաջորդ հանդիպման համար: Դեռևս ոչ մի առաջընթաց չի նկատվում հաշտության պայմանագրի մշակման առումով: Այսօր ամենահրատապ խնդիրը շփման գծում մոնիտորինգի հուսալի մեխանիզմ ներդնելն է: Եթե այնտեղ տեղակայվեն միջազգային ռազմական դիտորդներ և այդ մեխանիզմն ամրապնդվի տեխնիկական միջոցներով, որը պիտի երաշխավորի, թե ով է առաջինը կրակ բացել, ապա հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը: Իսկ առանց սրա կշարունակվի նախկին սցենարը, երբ ժամանակ առ ժամանակ իրավիճակի սրացում է արձանագրվում, ընթանում պատերազմական գործողություններ, որը գնալով  առավել մասշտաբային է դառնում:

-ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը երեկ հայտարարել է, որ մոտակա օրերին արդեն իր գրասենյակի ընդլայնման հայեցակարգը հնարավոր է հաստատման ներկայացվի:

-Կտեսնենք: Մեթյու Բրայզան ժամանակին՝ 2004-ին ասում էր, որ հաջորդ տարի  ԼՂ կոնֆլիկտը կունենա խաղաղ կարգավորում, այնպես որ նման հայտարարություններ լսում ենք պարբերաբար, բայց քանի դեռ այն չի գործում, կոնկրետ որևէ լուրջ բանի մասին խոսել հնարավոր չէ: Իսկ որպեսզի միջազգային դիտորդներ լինեն և ներդրվեն  մշտադիտարկման ու հետաքննության մեխանիզմները, մի շարք խնդիրներ պետք է հաղթահարվեն, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Չմոռանանք, որ Ադրբեջանի համար սա ձեռնտու չէ:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում