Հայերին առնչվող խնդիրներում Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությունները լիովին համընկնում են. Ջենգիզ Աքթար

Հայերին առնչվող խնդիրներում Ադրբեջանի և Թուրքիայի  ցանկությունները լիովին  համընկնում են. Ջենգիզ Աքթար

Նախքան 2015-ի նոյեմբերի 24-ին  Սիրիայում  թուրքական ռազմաօդային ուժերի  կողմից ռուսական  ինքնաթիռի  խոցումը, Ռուսաստանը և Թուրքիան տարաձայնություններ ունեին Բալկաններում, Կովկասում, Մերձավոր Արևելքում, Կիպրոսում և ՆԱՏՕ-ի շրջանակում: Այսինքն՝ նշված հարցերում երբեք միասնական քաղաքականություն չի եղել և ինքնաթիռի ոչնչացման փաստն ընդամենը առիթ հանդիսացավ սրանք հրապարակայնացնելու՝ պատրանք ստեղծելով, թե միջադեպը միայն պատճառ հանդիսացավ հարաբերությունների վատթարացման: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց  Սուլեյման Շահ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, հայտնի հրապարակախոս Ջենգիզ Աքթարը:

«Միայն մի խնդրում են համագործակցում  նրանք. Թուրքիան ՌԴ-ից գազ է գնում, սա է, որ միավորում է նրանց շահերը: Իհարկե, թուրքական կողմը նաև  բանջարեղեն է արտահանում Ռուսաստան՝ «ստանալով» ռուս զբոսաշրջիկներին,  որն այսօր չկա, իսկ գազային համագործակցությունը շարունակվում է: Ներկայում սուր խնդիրը Սիրայում է. ՌԴ-ի կողմից աջակցություն ստացողները պայքարում են Թուրքիայից աջակցություն ստացողների դեմ»,-ընդգծեց հրապարակախոսը:

Անդրադառնալով  թուրքական ազդեցությանը և դերակատարմանը ղարաբաղյան հակամարտության   կարգավորման   հարթությունում,  ինչու չէ նաև ապրիլյան պատերազմում, Ջենգիզ Աքթարը վերջինի մասով նշեց, որ Ադրբեջանին ռազմական աջակցության վերաբերյալ ապրիլյան իրադարձություններում քիչ տեղեկություններ են հայտնի Ստամբուլում, իհարկե, ընդհանուր առումով Անկարան լիովին աջակցում է Բաքվին ղարաբաղյան խնդրում:

Մեր դիտարկմանը, թե թուրք-ադրբեջանական հարաբերություններում շատ հարցերում կան տարաձայնություններ և միայն հայերին առնչվող հարցերում է առկա լիակատար համաձայնություն, թուրք պրոֆեսորը շեշտեց, որ Թուրքիա միլիարդավոր դոլարների հասնող ադրբեջանական ներդրումներ են ստացվում, երկրորդ՝ Թուրքիան Ադրբեջանից գազ է գնում, TANAP-ի շրջանակում համագործակցությունը:

«Բայց, երբ հերթը հասնում է Հայաստանին, առհասարակ՝ հայությանը…2009-ին ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, բայց մենք տեսանք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները «ենթարկեցվեցին» կամ ստորադասվեցին թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Այսինքն՝ նաև Ադրբեջանի պատճառով ձախողվեցին այդ արձանագրությունները: Ադրբեջանական կառավարական քաղաքականությունը շատ լավ համընկնում է  Թուրքիայի իշխող օղակների ցանկությանը»,-հավելեց Ջենգիզ Աքթարը:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում