Մոսկվան չի պատրաստվում «ձիթենու» ճյուղ մեկնել Անկարային. պիտի անեն իրենցից պահանջվածը. Լավրով (տեսանյութ)

Մոսկվան չի պատրաստվում «ձիթենու» ճյուղ մեկնել Անկարային. պիտի անեն իրենցից պահանջվածը. Լավրով (տեսանյութ)

ՌԴ-ի դիրքորոշումը չի փոխվել. Անկարան պարտավոր է ներողություն խնդրել և փոխհատուցել  ռուսական Սու-24-ի խոցման հետևանքով կորուստները: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի  կազմակերպած ուղիղ եթերին  հայտարարել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք երբեք չենք ասել, թե «ձիթենու» կամ ցանկացած այլ ճյուղ կմեկնենք Թուրքիային, ինչի համար: Մենք ասել ենք, որ Թուրքիան պարտավոր է ներողություն խնդրել և փոխհատուցել այն կորուստները, որոնք մեզ հասցվեցին այդ հանցավոր ակցիայի հետևանքով՝ ըստ էության ռազմական հանցագործության»,- ասել է  Լավրովը՝ նկատելով, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, բայց մինչ այդ Թուրքիան պիտի անի այն, ինչ պարտավոր է:

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլույի՝ հարաբերությունների կարգավորման աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին, Լավրովը նշել է, թե թուրքական կողմը «սողում է դեպի իրենց տարբեր խողովակների միջոցով, առաջարկում կոմիտեներ ստեղծել»:

Խոսելով  Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում քրդերի իրավիճակից, Լավրովն  Անկարայի գործողություններն անընդունելի է համարել և պահանջել, որ  Թուրքիան իր զորքերը դուրս բերի Իրաքից` նշելով, որ սա արևմտյան գործընկերների կողմից հրապարակային ավելի մեծ ուշադրության պիտի արժանանա:

«Ես հետաքրքրվել եմ Քերրիից՝  ինչո՞ւ է արևմտյան կոալիցիան փաստացի դադարել է հարվածել ահաբեկիչներին, ինչու ոչ մի մարտական թռիչք չի կատարվել՝ կանխելու նավթի անօրինական տեղափոխումը Թուրքիա: Նորից առաջ քաշվեց տարօրինակ տրամաբանություն, թե «ահաբեկիչները խառնված են լավ մարդկանց հետ, ուստի կարող է հանկարծ հարվածես լավերին, ինչը չի կարելի թույլ տալ»: Սիրիայում մեր գործողության առաջին ամիսներին իրավիճակն իրապես «կոտրվեց», սա բոլորն են ընդունում: Ցանկությունը, որ գործընթացը կանգ առնի կամ ընթանա հակառակ ուղղությամբ, ակներև է՝ և Թուրքիայի,  և թերևս մեր արևմտյան գործընկերների մոտ, քանի որ դեռ հինգ տարի առաջ նրանք հայտարարեցին, որ Ասադը պիտի հեռանա»:

Ուկրաինայի խնդրի, ՌԴ-ԵՄ հարաբերությունների և մյուս հարցերի վերաբերյալ Սերգեյ Լավրովի պատասխանները՝ ստորև

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում