Մուրացկանությամբ զբաղվող 10 երեխայից 9-ի դեպքում ծնողն է դրդում փող մուրալ

Մուրացկանությամբ զբաղվող 10 երեխայից 9-ի դեպքում ծնողն է դրդում փող մուրալ

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում մուրացկանության դեպքերի աճ է գրանցվել: Երևանում գրանցվել է 17 դեպք: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը նշեց, որ բավական մեծ աշ խատանք է կատարվել, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ և համատեղ աշխատանքի արդյունքում այսօր մուրացիկության ցուցանիշը նվազել է:

Նելլի Դուրյանի խոսքով, մուրացկանության դեպքեր հանդիպել են նաև Լոռու, Շիրակի մարզերում, գրեթե չկան Վայոց ձորում: «Եթե երեխան այնպիսի իրավիճակում է հայտնվում, որ գնում է փող մուրալու, ապա անմիջապես իրենց ուժերով, իրենց համայնքում կարողանում են խնդիրը լուծել: Այստեղ ես շատ կարևորում եմ համայնքի ուշադրությունը»,-ասաց Նելլի Դուրյանը: Այն հարցին, թե արդյոք մուրացկանությամբ զբաղվելու հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն են, Նելլի Դուրյանը նշեց, որ համամիտ չէ:

«Որքան սոցիալապես անապահով ընտանիքներ ունենք, բայց երեխան մուրացկանությամբ չի զբաղվում: Այստեղ ծնողի դերն է շատ կարևոր: Մեր հայտնաբերած 10 երեխայից 9-ի դեպքում ծնողը տեղյակ է, ինքն է երեխային դրդում փող մուրալու: Այստեղ մեր գործն ավելի է բարդանում, որովհետև ծնողը մեր կողքին չէ»,-ասաց Նելլի Դուրյանը: Նա ներկայացրեց մի կնոջ հետ կապված դեպք, երբ ծնողն ինքն է իր երեխայի հետ գալիս փող մուրալու:

«Ստեփանավանում բնակվող մի կին է, նա այնտեղ տուն ունի և երեխայի հետ գալիս է Երևան ու այստեղ փող է մուրում: Խոսել ենք իր հետ, միջնորդել ենք, որ Ստեփանավանում աշխատանքի տեղավորեն, բայց նա կրկին շարունակում է գալ ու փող մուրալ, դարձել է խրոնիկ դեպք: Մենք շատ ենք ունենում դեպքեր, երբ նրանք հրաժարվում են աշխատանքից»,-ասաց Նելլի Դուրյանը:

ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը նշեց, որ այս հարցում շատ կարևոր է հանրության վերաբերմունքը: Հանրությունը ևս կարող է օգտակար լինել:

«Մենք շատ ժամանակ 100 դրամ ենք դնում մեկնած ձեռքում, մտածում ենք հացի խնդիր ունի, բայց ամեն անգամ գումար տալով մենք ամրապնդում ենք փողոցում հայտնվելու նրանց ցանկությունը: Լուծումն ամենևին այն չէ, որ գումար ենք տալիս, մենք հետո նույնիսկ մոռանում ենք այդ երեխայի մասին: Նման դեպքեր տեսնելիս անհրաժեշտ է զանգ տալ համապատասխան ծառայություններին»,-ասաց Միրա Անտոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում