«Ավրորա» համաշխարհային մրցանակի առաջադրումների մեկնարկը տրված է

«Ավրորա» համաշխարհային մրցանակի առաջադրումների մեկնարկը տրված է

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը տրված է։ Առաջադրումներ կարելի է կատարել 2016թ. հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը՝ www.auroraprize.com կայքի միջոցով: «Ավրորա» մրցանակը փնտրում է այն մարդկանց անհատական պատմությունները, որոնք վտանգում են իրենց՝ հանուն դիմացինին օգնելու։ Այս մասին տեղեկացրին IdeA հիմնադրամից:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի ապրիլի 24-ին, Երեւանում: «Ավրորա» մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։

Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուի, ով հաղթահարել է մարտահրավերներ՝ բացառիկ ազդեցություն գործելով մարդկային կյանքի փրկության եւ մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման վրա։ Մրցանակի չափանիշների նկարագրությունը կարելի է գտնել այստեղ։

«Ինչպես «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ես նույնպես ականատես եմ եղել սարսափելի վայրագությունների, որ մարդիկ ընդունակ են միմյանց հանդեպ իրագործել»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Էլի Վիզելը: «Դա բերել է խորը երախտագիտության զգացման այն մարդկանց հանդեպ, որոնք ռիսկի են ենթարկում սեփական կյանքը՝ հանուն իրենց նման մեկին օգնելու: Ահա այսպիսի մարդկանց ենք մեծարում «Ավրորա» մրցանակով»։

Այս տարվա ապրիլին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը դարձավ Բուրունդիի «Խաղաղության Տան» հիմնադիր Մարգարիտ ‏Բարանկիցեն։ Նա Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել եւ խնամել է 30,000 երեխաների, որբերի ու փախստականների։

«Ավրորա մրցանակն ասես մխիթարություն լիներ իմ եւ Բուրունդիի ամբողջ ժողովրդի համար,- ասել է Բարանկիցեն,- հաջողությունը քո ունեցածը չէ, այլ՝ քո ով լինելը։ Իմ առաքելությունը դարձել է բոլորին հույս տալը՝ հաջողության, կարեկցանքի եւ սիրո հույս։ Ես այնքան երախտապարտ եմ «Ավրորա» մրցանակին՝ պարգեւած հնարավորության համար, շնորհակալ եմ իմ կողմից մրցանակի առաջադրված երեք կազմակերպություններին, եւ, իհարկե, Բուրունդիի ժողովրդին»։

Մարգարիտ Բարանկիցեն եւ 2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները՝ Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի բժիշկ Թոմ Քաթինան, Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար Սայիդա Ղուլամ Ֆաթիման եւ Կենտրոնաաֆրիկյան հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի քահանա Հայր Բերնարդ Կինվին, բացառիկ անձնազոհ մարդիկ են, որոնք իրենց մարդասիրությամբ փոխում են աշխարհը։

«Ավրորա» մրցանակը համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, բազմաթիվ հայերի փրկած խիզախներին։ «Ավրորա» մրցանակը երախտագիտության ավանդը փոխանցում է ապագային՝ շարունակելով նվիրատվության շղթան:

«Անցյալ տարի առաջադրումներ կատարելու կոչն օգնեց ճանաչելու մարդասիրության ասպարեզի բազմաթիվ հերոսների,- ասել է մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը,- մենք մեծ սպասումով կրկին կոչ ենք անում աշխարհին առաջադրել նոր հավակնորդների, ինչի ընթացքում հույս ունենք աշխարհին պատմել եւ ճանաչման արժանացնել անձնազոհության եւ հույսի ավելի մեծ թվով ոգեշնչող պատմություններ»։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին, Երեւանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում