ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը` Տիգրան Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման լուրերի մասին

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը` Տիգրան Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման լուրերի մասին

Օրերս հայկական մամուլում լուրեր էին շրջանառվում որոնց համաձայն՝ ծանրամարտի աշխարհի 2010 թվականի, Եվրոպայի եռակի չեմպիոն, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը և Եվրոպայի գործող չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը Խաղերին արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվել են չեն մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին:

Ի պատասխան վերը նշված հրապարակումներին՝ Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտական կապի մեջ է գտնվում միջազգային հակադոպինգային կազմակերպությունների հետ: Մենք ուշադիր հետևում ենք հակադոպինգային գործընթացների զարգացմանը: Խոսքը բազմաթիվ երկրների հարյուրավոր մարզիկների մասին է, այդ թվում՝ մեր մի քանի մարզիկների: Մինչ այս պահը որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ որոշում չկա: Մենք մեր արձագանքը կտանք միայն միջազգային համապատասխան կառույցների պաշտոնական հայտարարությունից հետո: Մինչ այդ մեր բոլոր մարզիկներն, ըստ հաստատված ժամանակացույցի, շարունակում են նախապատրաստվել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին»,- նշվում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում