Հայոց ցեղասպանության ճանաչումը գերմանական ներքին լսարանին ուղղված ուղերձ էր

Հայոց ցեղասպանության ճանաչումը  գերմանական ներքին լսարանին ուղղված ուղերձ էր

Այսօր Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ճանաչումը երկակին տրամադրություն է առաջացել: Անշուշտ, դրական է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը համալրեց նաև Օսմանյան կայսրության մեղսակից պետության իրավահաջորդը, սակայն այն ձևակերպումները, որոնք օգտագործվել են բանաձևի մեջ այնքան էլ չեն արտահայտում խնդրի էությունը: Նախքան դրանց անդրադառնալը, խոսենք այն գործոնների մասին, որոնք նպաստեցին նման բանաձևի ընդունմանը:

Հիշեցնենք, որ 2015թ-ի ապրիլին Գերմանիայում բարձրացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, շատ ավելի հզոր և հստակ ձևակերպումներով բանաձև, որի ընդունումը հետաձգվեց և մեծ փոփոխություններ մտցվեցին: Բանաձևի ճանաչումը նախևառաջ ուղղված էր սեփական ժողվորդի շրջանում պետական հեղինակությունը բարձրացնելուն: Գերմանացիների շրջանում գնալով մեծանում է դժգոհությունը կապված Գերմանիայի` թուրքահաճո քաղաքականության հետ: Թուրքիան փորձում է ոչ միայն ազդեցություն ունենալ Գերմանիայի արտաքին, այլ նաև ներքին քաղաքականության վրա:

Թուրքիան ներգաղթյալների խնդիրը դարձրել է գործոն և աքցանների մեջ գցել Գերմանիային: Այս ամենը չի կարող բողոքի պոռթկում չբարձրացնել գերմանացիների շրջանում, որոնք պահանջում են սեփական կառավարությունից ինքնուրույն քաղաքականություն վարել և չտրվել էրդողանական շանտաժներին: Բունդեսթագը, ընդունելով բանաձևը, ուղերձ էր հղում սեփական բնակչությանը, որ Թուրքիան բավականաչափ ազդեցիկ չէ և որ Գերմանիան կաշկանդված չէ ներգաղթայալների խնդրով: Սակայն դա խնդրի միայն մեկ կողմն է կամ արտաքին երեսը: Բանաձևի բովանդակությունը վկայում է, որ Գերմանիան բավականին մեծ զգուշավորություն է ցուցաբերել ձևակերպումների հարցում:

Ինքնին զարմանալի է, որ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի տեքստում ընդամենը երկու անգամ է նշվում ցեղասպանություն բառը: Բանաձևի վերնագրում կիրառվում է ցեղասպանություն եզրույթը, մինչդեռ բովանդակության մեջ առավել կիրառելի են կոտորած, բռնի արտագաղթ տերմինները: Նրանց (հայերի) ճակատագիրը զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանումների, ինչպես նաև` ցեղասպանության օրինակ է ծառայում, որոնցով 20-րդ դարը նման սարսափելի կերպով երբևէ նկարագրվել է»:

Բանաձևում նշվում է, որ Գերմանական կայսրությունը եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը և կիսում է մեղսակցությունը: Այս կերպ Գերմանիան փորձում է ձերբազատվել միակ ցեղասպան պետության պիտակից: Այսօր աշխարհում համընդհանուր ճանաչում ունի միայն գերմանացիների կողմից իրականացված հրեաների ցեղասպանությունը: Այսինքն` Գերմանիան պաշտոնապես ճանաչվել է միակ երկիրը, որն իրականացրել է ցեղասպանություն: Անշուշտ, պատմության այդ ամոթալի խարանը միայնակ կրելը պատվաբեր չէ ներկայիս Գերմանիային: Չպետք է մոռանանք նաև, որ Հիտլերի` հրեաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու «ներշնչանքը» բխել է Օսմանյան կայսրության «հաջողված» փորձից:

Բանաձևի զգալի մասը հատկացվել է հայ-թուրքական ներկայիս հարաբերություններին և դրանց կարգավորման ջանքերին:
«Գերմանիայի Բունդեսթագը տեղյակ է Հայաստանի և Թուրքիայի կողմից 2005 թվականից ի վեր նախաձեռնվող մերձեցման փորձերից և կոչ է անում թե ոգեկոչման և թե միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում քայլեր կատարել: Այդուհանդերձ երկու պետությունների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված`կրելով փոխադարձ անվստահության կնիքը: Գերմանիան պետք է օժանդակի հայերին և թուրքերին մերձեցման գործընթացում: Իհարկե կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է հանդիսանալ թե´ ներկայի և թե´ ապագայի համար»:

Բանաձևի ընդունումն արդեն իսկ մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում: Թուրք պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չտալով արձագանքում են տեղի ունեցածին:Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Յասին Աքթայն առաջինն է արձագանքել Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից «Yeni Safak» թերթի կայքը, ԱԶԿ-ի խոսնակը հայտարարել է, որ Բունդեսթագի կողմից նման բանաձևի ընդունումը լրջորեն վնաս է հասցնում է Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին: «Որպես առաջին պատասխան քայլ՝ Թուրքիան Բեռլինից հետ է կանչում իր արտակարգ և լիազոր դեսպան Հուսեին Ավնի Կարսլըօղլուին»,- գրում է «Yeni Safak»-ը: Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում, սակայն, այս մասին առայժմ պաշտոնական պարզաբանում չկա: Թուրք-գերմանական հարաբերություններին ծանր փորձություններ են սպասվում, Թուրքիան դեռ երկար ատամներ ցույց կտա և պատասխան գործողությունների կդիմի:

Չնայած Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը զերծ չէ թերություններից և բացթողումներից, այնուամենայնիվ, արդյունքը մեկն է. Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` համալրելով երկու տասնյակից ավել մյուս պետությունների շարքը:

Աննա  ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում