Փախչելով պատերազմից՝ Աստվածաշունչը գրպանում. Սիլվանա Պեպեի հոդվածը «Jesus» ամսագրում

Փախչելով պատերազմից՝ Աստվածաշունչը գրպանում. Սիլվանա Պեպեի հոդվածը «Jesus» ամսագրում

Իտալացի լրագրող Սիլվանա Պեպեն «Jesus» հեղինակավոր ամսագրում «Փախչելով պատերազմից՝ Աստվածաշունչը գրպանում» խորագրով հոդված է հրապարակել Հայաստանի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածը հակիրճ թարգմանությամբ:

***

Փախչելով պատերազմից՝ Աստվածաշունչը գրպանում

Կարևորը որոշում կայացնելն է։ Այդ պահից սկսած՝ միայն մի մտքի ես՝ կազմակերպել փախուստդ, խուսափել պատերազմից, հարձակման զոհ դառնալու կամ զավակներիդ ու հարազատներիդ կորցնելու վտանգից։ Ամեն ինչ թողնելն ու փախչելը մի հետապնդող միտք է դառնում, սակայն նաև մի ծրագիր ու մի լույս, որը ցույց է տալիս դեպի կյանք տանող ճանապարհը։ Եվ անվերջ աղոթում ես, որ Աստված քեզ օգնական լինի այդ երկար ճանապարհին։

Այսպիսին է եղել մի զույգի փախուստը Սիրիայից 2013 թ․սեպտեմբերի 8-ի երեկոյան: «Ես և ամուսինս՝ Վարդանը, փախանք Քամիշլիից, քրիստոնյաների Ալ Վուսթա կոչվող մեր թաղամասից», պատմում է 48-ամյա Շուշա Չաղալանյանը, «Առանց ճամպրուկների էինք, մեզ հետ վեիցրել էինք միայն պարկի մեջ դրած մի շիշ ջուր, գրպաններումս՝ մի քիչ գումար, որ կարողացել էինք տնտեսել, Աստվածաշնչի թերթերը, որոնք կարել էինք մեր շորերի տակ և Սուրբ Գրիգոր Նարեկացու մի փոքրիկ աղոթագիրք։ Տաք երեկո էր, Սիրիայի մղձավանջի մեր վերջին ամառը»։ Բայց Շուշանը ժպտում է, երբ զրուցում ենք ? ?րա հետ Երևանի կենտրոնում գտնվող իր խմորեղենի խանութի մոտ, որտեղ աշխատում է ամուսնու և որդու հետ, և մեզ պատմում է իերնց երկար ճանապարհորդության մասին, որ Սիրիայի հյուսիսից Թուրքիայով ձգվել է մինչև հայրենի երկիր։

Ետևում թողած Քամիշլին, որ 180 հազար բնակիչ ուներ, Սիրիայի քրիստոնեական մայրաքաղաքն էր համարվում՝ իր հինավուրց եկեղեցիներով՝ ուղղափառ, կաթոլիկ և ասորի, որոնք միավորված էին քրիստոնեական հավատքի շուրջ։ Քաղաքն այժմ բաժանված է քրդերի և հարավից՝ նախագահ Ասսադի կողմնակիցների միջև, ու անկանոն բախումների թատերաբեմ է դարձել։

Հայաստան հասած սիրիահայերը, որոնց թիվն արդեն 15 հազար է, վերակառուցել են իրենց ներկան՝ շնորհիվ Հայաստանի կառավարության հատուկ ծրագրերի, որոնք սիրիահայ փախստականներին թույլ են տվել ստանալ քաղաքացիություն, կայանալ մասնագիտկան կրթության ծրագրերի միջոցով, մի խոսքով՝ հույս են արթնացրել 1915-ի ցեղասպանությունից տուժածների այս սերունդների մոտ։ Նրանք ապաստան էին գտել Սիրիայում, իսկ այժմ կարծես բիբլիայան մի պատմության պատգամով վերադառնում են Հայաստան՝ առաջին քրիստոնյա երկիրը։ Հատկանշական է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-ից 26-ը Հ այաստան կատարելիք իր այցի ընթացքում հանդիպելու է նաև սիրիահայերի մի պատվիրակության հետ։

Սիրիայի պատերազմի արհավիրքները տեսած ընտանիքները անցել են Գազիենթեբ, Նուսայբին և Ուրֆա քաղաքաներով, նույն այն վայրերով, որտեղ հարյուր տարի առաջ գաղթել են ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը, այն վայրերով, որտեղ կիլոմետրերով ձգվում էին փախստականների քարավանները։ Շատերը մահանում էին Միջագետքի անապատներում՝ Նարեկացու աղոթքը շուրթերին։ Շուշանի ընտանիքն էլ ծագումով հենց Ուրֆայից էր, ավելի ճիշտ միակ վերապրողը՝ իր տատի տատը՝ ցեղասպանության ժամանակ 7-ամյա մի երեխա, որը ջարդից մազապուրծ էր եղել՝ թաքնվելով մի հավաբնում, որտեղից ականա տես էր եղել իր սրելիների սպանության սարսափազդու տեսարանին։

Երբ Շուշանը հիշում է այս պատմությունը, ժպիտն անհետանում դեմքից և արտասվելով նա արտաբերում է Նարեկացու աղոթքը «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ․․․»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում