Ամալ Քլունին կներկայացնի ԻՊ-ից տուժած Նադիա Մուրադի և ցեղասպանված եզդիների շահերը

Ամալ Քլունին կներկայացնի ԻՊ-ից տուժած Նադիա Մուրադի և ցեղասպանված եզդիների շահերը

Իրավաբան, դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին, կներկայացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տուժած, Նոբելյան մրցանակի առաջադրված Նադիա Մուրադի ու ցեղասպանության ենթարկված եզդիների շահերը: Վկայակոչելով «New York times»-ը` գրում է «Արմենպրես»-ը: «Եվրախորհրդարանը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, ԱՄՆ կառավարությունը, Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ճանաչել են եզդիների ցեղասպանությունը, որն իրագործել են ԻՊ ահաբեկիչները հյուսիսային Իրաքում: Ինչպե՞ս է լինում, որ մարդկությանը հայտնի լրջագույն հանցագործությունները մեր աչքի առաջ կատարվում են, սակայն չեն հետապնդվում Հաագայի Միջազգային դատարանի կողմից»,- ասել է Ամալ Քլունին «Կանայք աշխարհում» գագաթնաժողովին ուղղված հայտարարության մեջ:

Քլունին, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների պաշտպանության մեջ, կպայքարի, որպեսզի Իրաքում ԻՊ-ի ներկայացուցիչները պատասխանատվության ենթարկվեն եզդի աղջիկների ու կանանց ցեղասպանության, սեռական շահագործման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում