«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 10-17-ը: Փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ՝ 91 երկրից. մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: «Ոսկե ծիրան»-ի կարևորագույն և անբաժան մաս դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերում նույնպես ներկայացվելու են համաշխարհային կինոյի վարպետների հին ու նոր լավագույն գործերը:

«Այս փառատոնն անկախության ծնունդն է և ներառում է դրան բնորոշ բոլոր հասկացությունները ՝ խաղաղասիրություն, մարդասիրություն, ժողովրդավարություն: «Ոսկե ծիրան»-ը բերեց ազատության և անկախության գաղափարները, որ մեզանում արժևորվեցին և արմատավորվեցին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ մշակույթի նա խարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարն ընդգծեց, որ փառատոնը մեզանում կայացած է, և շատերն ամեն տարի դրան անհամբերությամբ են սպասում:

Փառատոնի հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մատնանշեց, որ համագործակցության երկարատև տարիներն ապացուցում են հաստատակամ աշխատանքի արդյունքում ավելի լավ ապագա ստեղծելու հնարավորությունը: Նա հույս հայտնեց, որ փառատոնի և հատկապես հյուրերի միջոցով հայության անունն ու արժեքները կտարածվեն աշխարհով մեկ:

«Ոսկե ծիրանն» անցկացվում է արդեն 13 տարի. թվում է, թե մարդիկ պետք է մեզնից հոգնած լինեին, մենք՝ նույնպես, բայց նույնիսկ այս դժվար ժամանակներում «Ոսկե ծիրան»-ը մատնված չէ անուշադրության,- իր հերթին կես-կատակ կես-լուրջ նշեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարությ ուն Խաչատրյանը: Նա հավելեց, որ փառատոնը մեկնարկելու է «Զարեհ» ֆիլմով, որը նկարահանվել է 90 տարի առաջ. այն առաջին ֆիլմն է, որ նվիրված է քրդերին և եզդիներին: Նա ընդգծեց, որ շատ կարևոր է նաև արտահանել հայկական ֆիլմերը, ցույց տալ արվեստը և ստեղծագործող մարդկանց աշխատանքը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ փառատոնի ծրարգրերը շատ են և բազմազան, ինչպես ամեն տարի: Բացառությամբ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի՝ բոլոր ծրագրերն անփոփոխ են: «Կլինի Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ, Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ և «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթ, որն այս տարի կարծես բավական հարուստ կլինի»,- ավելացրեց Ստամբոլցյանը:

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում Անկախության 25-ամյակի առիթով ավելի մեծ կարևորություն կտրվի հայկական կինոյին:

Փառատոնում տեղ է գտել «Հայկական կինո.արդի ժամանակներ» ծրագիրը, որը կներկայացնի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմ: Փառատոնում առաջին անգամ ներկայացված են «Շեքսպիրն ապրում է կինոյում» , «Դանիական նոր կինո» և «Բասկյան նոր կինո» ծրագրերը:

Բացի այդ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առիթով կտեղադրվեն անվանական աստղեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում