Ադրբեջանցիները չեն կարող խոչընդոտել հաջողված հայկական ստարտափի առաջընթացը

Ադրբեջանցիները չեն կարող խոչընդոտել հաջողված հայկական ստարտափի առաջընթացը

Ադրբեջանցիները չեն կարող ազդել համաշխարհային շուկայում լավ արտադրանքով ներկայացած հայկական սկսնակ ընկերության հաջողության վրա: Այս տեսակետն արտահայտեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` անդրադառնալով «Արմենպրես»-ի դիտարկմանը, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել այն մասին, թե ինտերնետ շուկաներում հայտնվող հայկական պրոդուկտներն արժանանում են ադրբեջանցիների վատ գնահատականին, արդյունքում այդ արտադրանքի վարկանիշն ընկնում է ու ազդում դրա տարածման, պոտենցիալ ներդրողներ ներգրավելու վրա: «Եթե լավ պրոդուկտ ստեղծեն, ադրբեջանցիների ռեյտինգավորումը նրանց պրոդուկտի վրա չի ազդի: Ցանկացած բիզնես էլ կարող է դրա հետ առնչվել, որ իր մրցակիցը վատ ռեյտինգ տա: Թող ուրեմն ստարտափերով հավաքվեն ու վատ ռեյտինգավորեն ադրբեջանցիների ստարտափերը»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` խնդիրը կա, ադրբեջանցիներն ամեն տեղ փորձում են վնաս տալ, նույնն էլ փոխադարձաբար անում են հայերը, բայց լուրջ ազդեցության մասին չէ խոսքը, եթե ստարտափը հաջողված է: «Իրականում, շատ խնդիրներ կան, որոնց մենք առաջինը չենք բախվում: Պատկերացնում եք իսրայելական ստարտափերը ինչ վատ ռեյտինգ են ստանում արաբների ու հակասեմական տրամադրություններ ունեցող մարդկանց կողմից: Ու ինձ թվում է անհամեմատ մեծ է քանակը: Ես իրականում նայեցի մի քանի հայկական ստարտափերի ռեյտինգները, ադրբեջանցիներ ը մեծ զանգված չեն կազմում: Եթե ստարտափը թափ է առնում, ու սկսում են ներբեռնել (200-300 ներբեռնման մասին չէ խոսքը, ավելի շատ), բացասական ռեյտինգներն այդքան լուրջ ազդեցություն չունեն»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը: Նա նկատեց նաև, որ ադրբեջանական ստարտափեր շատ դժվար է գտնել, դրա համար էլ քիչ ենք ականատես լինում հակառակ երևույթին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում