Հայաստանի բիզնես ասոցիացիաները Հարկային օրենսգրքի շուրջ հանրային լսումների հարց են բարձրացնում

Հայաստանի բիզնես ասոցիացիաները Հարկային օրենսգրքի շուրջ հանրային լսումների հարց են բարձրացնում

Հայաստանում գործող բիզնես ասոցիացիաները մտահոգված են Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի ներկայիս տեսքով և կոչ են անում սկսել հանրային լսումների շրջան շահագրգիռ կողմերի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը բիզնես ասոցիացիաների և նրանց անդամակցող ընկերությունների հայտարարությունը փոխանցեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ, Հարկային խորհրդի անդամ Տիգրան Ջրբաշյանը:

«Հայաստանում գործող բիզնես ասոցիացիաները, հետամուտ լինելով իրենց անդամակից ընկերությունների բարձրացրած խնդիրներին, հայտնում են իրենց մտահոգությունն ու անհամաձայնությունը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած, ապա նաև ՀՀ ԱԺ կողմից ընդունված Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ: ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին ուղղված նամակներում Հարկային օրենսգրքի այս տարբերակն առաջացրել է գործարար շրջանակների դժգոհությունը ու ի չիք դարձրել Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավելու գաղափարը: Կոչ են անում կազմակերպել հանրային լսումներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մի շարք սկզբունքային հարցերի շուրջ և այն վերանայելու համար: Ուսումնասիրելով Հարկային օրենսգրքի նախագիծը` բիզնես ասոցիացիաները եկել են եզրակացության, որ կան դրույթներ, որոնք կարող են խիստ բացասական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա: Հանրային լսումների առանցքում բիզնես ասոցիացիաները առաջարկում են դնել եկամտային հարկի փաստացի բեռի ավելացումը, շահաբաժինների հարկումը, ամորտիզացիայի ժամկետի երկարացումը, շրջանառության հարկի շեմի փոփոխությունը, հարկային կանխատեսելի դաշտի բացակայությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Ջրբաշյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն նույնպես մտահոգված են ներկայացված նախագծով և հույս հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ օրենսգիրքը լուրջ փոփոխությունների կենթարկվի: «Կարծում եմ` այսօրվա նամակը հորդորում է նման փոփոխություններ իրականացնել, քանի որ այստեղ ընդգծում ենք այն վտանգները, որ տեսնում ենք այս օրենսգրքի ընդունման արդյունքում: Կարծում եմ` շատ ակտիվ ամիսներ են սպասվում տնտեսական օրինաստեղծ գործընթացում, հուսանք այդ արդյունքը կլինի ընդունելի հասարակության բոլոր կողմերի համար»,- ասաց Ջրբաշյանը` հավելելով, որ փոփոխված օրենսգիրըք հանրությանը կներկայացվի հավանաբար սեպտեմբերի սկզբին:

Բանախոսի դիտարկմամբ` այս ընթացքում Հարկային օրենսգիրքն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցկացնելը նշանակում է, որ այն այսպես թե այնպես ընդունվելու է, իսկ կողմերը փոփոխությունների կհասնեն որոշակի բանակցային գործընթացի արդյունքում, որի հիմքը ընդունված օրենսգիրքն է:

«Մեր ու պետության մոտեցումը հիմնված է այն տարբերակի վրա, որ կոնսենսուսն ու համաձայնությունը լինելու են փաթեթային: Հնչեցնել որոշակի շեմ որոշակի հարկատեսակի համար` առանց այլ հարկատեսակի համար մեծությունը հստակեցնելու, անիմաստ է: Լինելու է փաթեթային լուծում, ուր անդրադարձ է կատարվելու ավելացված արժեքին, գույքահարկին, շահութահարկին, շահաբաժինների հարկին, եկամտահարկին. ամբողջը փաթեթային լուծմանն է ուղղված լինելու: Հենց դա է նպատակը, որ հորդորոմ ենք ԱԺ-ին ու կառավարությանը անցնել սկզբունքային փաթեթային քննարկմանը, ոչ թե ըն դգրկվել հոդված առ հոդված քննարկման մեջ»,- շեշտեց Տիգրան Ջրբաշյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում