Սևակի լույսը ժողովրդական վարպետի «Տո լա՜ճ տնավեր…» կոթողում

Սևակի լույսը ժողովրդական վարպետի «Տո լա՜ճ տնավեր…» կոթողում

Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատանը, տուն-թանգարան տանող ճանապարհին կտեղադրվի «Կոչեմ ապրողաց» խորագրով քանդակաշարը, որի բացումը տեղի կունենա հունիսի 17-ին` Սևակի մահվան տարելիցի օրը: Առաջին աշխատանքը՝ «Անլռելի զանգակատուն» պոեմի հիմքով, «Տո լա՜ճ տնավեր…» անվանված կոթողն է: Կոթողում քանդակված զանգերը խորհրդանշում են մեր ժողովուրդը, զանգերի կոչնակները մարդկանց հայացքներն են, խաչը թևատված և գլխատված մտավորականությունն է, որի մարմնացումը Կոմիտասն է: Այսպես մեկնաբանեց իր հեղինակած կոթողը Հայաստանի ժողովրդական վարպետ, նկարիչ, խաչքարագործ Վարազդատ Համաբարձումյանը Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իմ մեջ 6-7 տարի առաջ է առաջացել Պարույր Սևակին նվիրված քանդակաշար ստեղծելու ցանկությունը: Եթե ինչ-որ բան շատ ես ցանկանում, քո մեջ սկսում են ծնվել բազմազան պատկերներ, որոնք հետո կյանքի են կոչվում: Հենց այսպես ստեղծվեց այս կոթողը: Ես կարծում եմ, որ քարը նույնպես լեզու ունի, օրինակ` խաչքարը քեզ ստիպում է մտածել, խորհել:

Սևակը մեր ժողովրդի համար ճանապարհ է դեպի լույսը, նա մեզ համար Աստծո թարգմանիչն է: Իմ այս գործը կոչ է մարդկանց, որ լույսից չհեռանան: Կուզեի, որ այս աշխատանքը բացեր մարդկանց հոգու դռները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վարազդատ Համաբարձումյանը:

Համաբարձումյանի խոսքով, Սևակի տուն-թանգարանն իր և հայ ժողովրդի համար ուխտատեղի է, որտեղ մարդկանց հոգիները լցվում են լույսով:

Քանդակաշարը բաղկացած կլինի 3 քանդակից:

Հաջորդ գործով հեղինակը ցանկություն ունի ցույց տալու Պարույր Սևակի և Նարեկացու հոգևոր կապը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում