Վերոնայում Հրայր Թերզյանի անունով փողոց է անվանակոչվել

Վերոնայում Հրայր Թերզյանի անունով փողոց է անվանակոչվել

Վերոնայում հունիսի 16-ին կայացել է քաղաքների փողոցներից մեկի՝ իտալահայ հայտնի նյարդաբան, Վերոնայի համալսարանի առաջին ռեկտոր Հրայր Թերզյանի անունով անվանակոչման արարողությունը: Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից, որի հաղորդագրության մեջ նշ ված է. «Արարողությանը ներկա էին Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոզին, Վերոնայի համալսարանի ռեկտոր Նիկոլա Սարտորը, Վերոնայի շրջանի փոխնախագահ Անդրեա Սարդելլին, Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը, հայտնի գրող և Հրայր Թերզյանի կենսագրության գրքի հեղինակ Անտոնիա Արսլանը, բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, Վերոնայի բնակիչներ:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր ուղերձում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նշել է, որ Հրայր Թերզյանը մեկն էր այն հազարավոր հայերից, ովքեր, լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների զավակ, ոչ միայն չհուսահատվեցին, այլև, պահպանելով հայկական ինքնությունը, կարողացան նվիրվել նոր հայրենիքին, որտեղ հարգանքի և գնահատանքի արժանացան: Շնորհակալություն հայտնելով Վերոնա քաղաքի և համալսարանի ղեկավարությանը Հրայր Թերզյանի անունով փողոց կոչելու համար՝ Հայաստանի դեսպանը նաև երախտագիտություն հայտնեց Իտա լիայում Հայաստանի նախկին դեսպան Բրունո Սկապինիին, ով ջանքեր էր գործադրել փողոցի անվանակոչումն իրականություն դարձնելու ուղղությամբ:

Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոզին իր խոսքում նշեց, որ «Վերոնայի համալսարանի հիմնադիր հայրերից մեկի՝ Հրայր Թերզյանի անունով փողոցի կոչումը, որտեղ առաջիկայում համալսարանի մասնաճյուղերից մեկն է գտնվելու, հարգանքի տուրք է ոչ միայն վաստակաշատ գիտնականին, այլև Վերոնայի և Իտալիայի հայ համայնքին, մի համայնքի, որն ամուր կապված է իր արմատներին և, չնայած անցյալում կրած փորձություններին, կենսունակ է և ինտելեկտուալ մեծ ներուժ ունի»:

Վերոնայի համալսարանի ռեկտոր Նիկոլա Սարտորը խոսեց Հրայր Թերզյանի մասին՝ նշելով, որ վերջինս իր ողջ եռանդն ու գիտելիքները ներդրել էր համալսարանի կայացման և առաջընթացի գործում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում