Այսօրվա Ռուսաստանն առաջնորդվում է պրագմատիկ շահերով և նրա նախագծերում ՀՀ-ի և Ադրբեջանի կշիռը կարող է փոխվել

Այսօրվա Ռուսաստանն առաջնորդվում է պրագմատիկ շահերով և նրա նախագծերում  ՀՀ-ի և Ադրբեջանի կշիռը կարող է փոխվել

Ռուսաստանին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, հաջողվել է հաջողություն  արձանագրել, որ  ինչ-որ չափով Ադրբեջանը նահանջ կատարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նկատեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը միշտ դեմ է արտահայտվել շփման գծում վերահսկողական սարքերի տեղադրմանը, սակայն հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում  կայացած նախագահական  հանդիպումներին  համաձայնել է դրան: Միաժամանակ, քաղաքագետն ակնարկեց՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմն այնքան չի ընդլայնվի, որ հնարավոր լինի արձանագրել  յուրաքանչյուր խախտում, այսինքն՝ Բաքուն հրադադարի խախտման հնարավորություն միշտ էլ կունենա:

Մանասյանը մեջբերելով ռուս քաղաքագետների խոսքը, շեշտում է, որ Հայաստանը պետք է սփաթ գնահատի Ռուսաստանի դերը տարածաշրջանում՝ 1990-ականների Ռուսաստանը տարբերվում է այսօրվա Ռուսաստանից. նա տարածաշրջանային լուրջ նախագծեր է մշակում, որտեղ ՀՀ-ի և Արցախի դերակատարությունը կարող է փոխվել և հնարավոր է չլինեն 90-ականների այն գնահատականները, որով առաջնորդվում էր ռուսական կողմը տարածաշրջանում:

«Մենք գործ ունենք մի իրադրության հետ, երբ Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին, և նվաճել նրա բարեհաճությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին: Մոսկվային ձեռնտու չէ, որ հենց այս պահին Բաքուն Անկարայի կողքին լինի, ուստիև սկսել է սիրախաղերի մի շարք: Սատանովսկին լավ է ասել՝ Ռուսաստանը ոչ մեկի կողքին էլ չի լինելու: Ռուսաստանը հավասարության նշան է դրել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև և, այո,  չի աջակցի նրանցից որևէ մեկին»,-ընդգծեց Մանասյանը:

Վերադառնալով նախագահների հանդիպմանը, քաղաքագետը նկատեց, որ քանի դեռ թարմ է պետերբուրգյան ճնշումը, Ադրբեջանը չի գնա լայնամասշտաբ գործողությունների, բայց ընդհանուր առմամբ ոչ մեկ չի կարող ասել, որ սա Ադրբեջանի համար կդառնա արգելք պատերազմ սկսելու, քանի դեռ օրակարգում է «գրավյալ տարածքների վերադարձը»:

Times.am-ի դիտարկմանը՝ Ռուսաստանը վերադարձնելով ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջատարի դերը՝ գուցե փորձում է կանխել առաջին հերթին սեփական պարտությունը, քանի որ ռուս քաղաքագետների կարծիքով պատերազմի վերսկսման դեպքում գլխավոր պարտվողը նա է լինելու, երբ հայտնվի  ընտրության առջև՝ Ադրբեջան, թե՞ Հայաստան, քաղաքագետը համաձայնեց. «Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, թե Ռուսաստանն ուզում է միայն խաղաղություն հաստատել, դա այդպես չէ. Մոսկվան ցանկանում է ռազմական, քաղաքական, դիվանագիտական հարցերով իր գրպանը դնել Ադրբեջանը, իսկ նման նկրտում ունեցող պետությունը չի կարող իր հարաբերությունները վատացնել Ադրբեջանի հետ, այն էլ ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին: Ինչ վերաբերում է Հայաստանին սիրաշահելուն, կրկնում եմ՝ այսօրվա Մոսկվան բոլշևիկյան Մոսկվան չէ. բոլշևիկյան Մոսկվան առաջնորդվում էր գաղափարախոսական շարժառիթներով, իսկ այսօրվանը՝ պրագմատիկ պետական շահերով, որը թույլ է տալիս տարբեր տարածաշրջանային խաղերի մեջ մտնել, որտեղ կարող է և ՀՀ-ի և Ադրբեջանի կշիռը փոխվել: Չի բացառվում, որ ինչպես բոլշևիկները ԼՂ-ն դարձրեցին մանրադրամ, այդպես էլ այսօր դա տեղի ունենա: Մենք մեր քաղաքական պլանավորումներում ոչ մի նման սցենար չպետք է բաց թողնենք»:

Մեր հակադարձմանը՝ ԱՄՆ-ին՝ որպես համանախագահող երկիր, ձեռնտո՞ւ է, որ Ռուսաստանը գլխավոր դեր ստանձնի կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով պատերազմի վերսկսման դեպքում նրա հնարավոր պարտությունը, թե՞ ամեն դեպքում կա մրցակցություն առաջինը լինելու, Մանասյանը նկատեց՝ տարօրինակ կլիներ եթե մրցակցություն չլիներ. «Եթե Ռուսաստանը մի քիչ առաջանա՝ որպես կարգավորման գործընթացը և Մինսկի խմբի գործունեությունը վերահսկող,  ապա համոզված եմ, որ կլինեն հակադարձ քայլեր նվազեցնել այդ դերը, որի օրինակն ունենք՝ Ռուսաստանը ջանք գործադրեց բիշկեքյան համաձայնագրի կնքման համար, որը նվաստացվեց և միայն ապրիլյան պատերազմի օրերին Արևմուտքը դրա մասին հիշեց»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում