«Իրատես». Թաղային հեղինակությո՞ւն, թե՞ առողջ սերունդ

«Իրատես». Թաղային հեղինակությո՞ւն, թե՞ առողջ սերունդ

«Մեկ շաբաթ առաջ «Իրատեսը» Երևանի մանկապարտեզներից մեկի մասին նյութ էր տպագրել, որում մասնավորապես նշված էր, որ Էրեբունի համայնքի Նոր Արեշ թաղամասի մանկապարտեզներից մեկում, ինչպես ծնողներն էին ահազանգել, դաստիարակը հոգեպես անհավասարակշիռ կին է, ով, հերիք չէ, սեփական մեթոդներն ունի երեխաներին պատժելու (երբեմն-երբեմն փոքրիկների տրուսիկների մեջ նայելու), նաև, ասում են, աղանդավոր է:

«Վերջինս երեխաներին տկլորացնում է ու հոգեբանական ճնշումների ենթարկում, սպառնում, թե տանելու է ծառից կապի: Այս «մեթոդների» պատճառով, ասում են, փոքրիկ տղաներից մեկն այնպիսի վիճակում է, որ առանց բժիշկ-հոգեբանի հազիվ թե կարողանա հաղթահարել ծանր ապրումները»,- ասված էր հրապարակման մեջ:

Պատկան մարմիններին հորդորել էինք հետաքննություն անցկացնել և պարզել, թե ինչպես է նման դաստիարակն աշխատանքի ընդունվել մանկապարտեզում: Նյութը մեծ հնչեղություն ունեցավ, տարբեր օղակներից խմբագրություն էին զանգահարում և հետաքրքրվում տեղի ունեցածով: Ամենաուշագրավն այն է, որ չնայած մենք ո՛չ մանկապարտեզի թիվն էինք նշել, ո՛չ տնօրենի անունը, բայց պետական գերատեսչությունների աշխատակիցների առաջին արձագանքն այսպիսին էր.«Գիտեք, չէ՞, որ դա Թոխմախի Մհերի աղջկա մանկապարտեզն է»: Սա երկրորդ ահազանգն էր ու նաև շատ հարցերի պատասխան:

Իհարկե, վերոնշյալ կառույցները վստահեցրին, որ քննության առարկա են դարձնելու հարցը, բայց նման իրազեկումից հետո ոչ մի ակնկալիք չունեինք, որ տվյալ մանկապարտեզում տեղի ունեցածը ջրի երես դուրս կգա:

Այսուհանդերձ, նյութն անհանգստացրել էր նաև ՄԻՊ-ի գրասենյակին, և խոստացան գնալ հրապարակման հետքերով: Երեկ մեր հարցմանը, թե ի՞նչ են պարզել ՄԻՊ-ի աշխատակիցները, օմբուդսմենի խոսնակ Զոհրաբ Եգանյանն ասաց. «Մամուլի հրապարակումների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ՄԻՊ-ի աշխատակիցներն այցելել են տվյալ մանկապարտեզ, տեղում ծանոթացել են մանկապարտեզի պայմաններին, առանձնազրույցներ ունեցել հաստատության տնօրենի և երեխաների հետ: Հրապարակման մեջ տեղ գտած երևույթները չեն հաստատվել: Տեղեկացնեմ նաև, որ մինչ այս պահը տվյալ խնդրի կապակցությամբ ՄԻՊ-ի աշխատակազմը այլ ահազանգ չի ստացել»:

Այսպիսի պատասխանը սպասելի ու կանխատեսելի էր: Մենք ավելի «կծանրանանք» վերջին նախադասության վրա՝ ՄԻՊ-ը որևէ ահազանգ այս առումով չի ստացել: Հազիվ էլ ստանար, քանի որ մանկապարտեզի երեխաների ծնողներն այնքան էին ահաբեկված, որ անգամ նախակրթարանի հասցեն խուսափում էին ասել: Իսկ մինչ այդ նրանք պատրաստակամություն էին հայտնել անձամբ ամեն ինչ պատմել ու հասցեական մեղադրանքներ ներկայացնել: Ընդամենը մի քանի օր հետո ծնողներին «գետնի տակից» էլ չէիր գտնի:

Այսպես են մեզանում բոլոր հարցերը «լուծվում»: Անգամ երեխաների խեղվող հոգեբանությունն այնքան կարևոր չէ, որքան այս կամ այն թաղային հեղինակության թանին «թթու» չասելը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում