«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ Նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարճատև զրույց են ունեցել Հռոմի պապի հետ (ֆոտո)

«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ Նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարճատև զրույց են ունեցել Հռոմի պապի հետ (ֆոտո)

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով այսօր Հայաստան է ժամանել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այցի պաշտոնական տարբերանշանի մեջ օգտագործված են բիբլիական Արարատը և Հայաստանում քրիստոնեության տարածման առումով բացառիկ նշանակություն ունեցող սրբավայրը` Խոր Վիրապի վանքը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հռոմի Պապի դիմավորման պաշտոնական արարողությունը: Սրբազան Քահանայապետին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ և Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դիմավորման պաշտոնական պատվիրակությունների կազմում եղել են պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների եպիսկոպոսներ:

Օդանավակայանում Ֆրանցիսկոս Պապին հայկական միջնադարյան շարականների կատարմամբ ողջունել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները: Ազգային տարազով երեխաները Հռոմի Պապին մատուցել են հայկական ծիրան և ՅՈՒՆԵՍԿՈ-ի ոչ նյութական ժառանգության ցանկերում ընդգրկված հայկական լավաշ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական սրահում Հանրապետության Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ կարճատև զրույցից հետո, Սրբազան Քահանայապետը մեկնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նախատեսված է Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում