Ադրբեջանում բանկերը դադարեցրել են դոլարի վաճառքը

Ադրբեջանում բանկերը դադարեցրել են դոլարի վաճառքը

Ադրբեջանի որոշ առեւտրային բանկեր դադարեցրել են կանխիկ դոլարի վաճառքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az կայքը հայտնում է, որ դրա պատճառը դոլարի նկատմամբ ընթացիկ պահանաջարկի կտրուկ աճն է, որը պայմանավորված է վերջին երեք օրերին մանաթի սրնթաց էժանացումով: Դրան զուգահեռ, որոշ բանկեր էլ հետեւում են գլոբալ շուկայում իրավիճակին, զբաղեցրել են սպասողական դիրք եւ ավելի զգույշ են վերաբերվում գործընթացին:

Report.az ին հայտնի է դարձել, որ կանխիկ դոլարի վաճառքն արդեն դադարեցրել են Bank of Baku, Zaminbank, Kredobank բանկերի բոլոր բաժանմունքներն ու այլ բանկեր եւս: Որոշ բանկեր էլ դոլարի վաճառքի վրա սահմանափակում են դրել:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, եթե այսօր առավոտյան Բաքվի բանկերում մեկ դոլարն արժեր 1,58 մանաթ, ապա այժմ այն արդեն արժե 1,59 մանաթ, այն դեպքում, երբ Ադրբեջանի կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքը հավասար է 1,5332 մանաթի: Ադրբեջանի ԿԲ-ի կանոնների համաձայն, առեւտրային բանկերը դոլարը կարող են վաճառել առավելագույնը 4 տոկոս տարբերությամբ, ինչը նշանակում է, որ այսօրվա դրությամբ դոլարի առավելագույն փոխարժեքը կարող է հավասար լինել 1,5945 մանաթի:

Որոշ տվյալներով` Ադրբեջանի սեւ շուկայում դոլարն արդեն վաճառվում է 2 մանաթից ոչ պակաս:

AzVizion.az լրատվական կայքի հետ զրույցում Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռնարկատիրության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմեդովը հայտարարել է, որ Ադրբեջանում մանաթը մինչեւ տարեվերջ մոտ 2,3 անգամ կէժանանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում