Ադրբեջանի սնանկացած պետական նավթային ընկերությունը վարձով է տալիս Վաշինգտոնում իր գրասենյակը

Ադրբեջանի սնանկացած պետական նավթային ընկերությունը վարձով է տալիս Վաշինգտոնում իր գրասենյակը

Ադրբեջանի պետական նավթայինընկերությունը` SOCAR-ը, որի եկամուտները նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով խիստ պակասելու պատճառով հայտնվել է սնանկացման շեմին, ԱՄՆ-ում իր գործունեությունը սահմանափակելու հետ, փող վաստակելու նպատակով որոշել է վարձով տալ Վաշինգտոնում ընկերության գրասենյակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ երկար ժամանակ հսկայական միջոցներ քամուն տալուց հետո, այդ թվում` տարօրինակ լոբբիստական նախագծեր ու միջազգային մրցումների հովանավորում, SOCAR-ը փակել է իր գրասենյակները Գերմանիայում, Բելգիայում եւ Շվեյցարիայում եւս:

Ըստ գործակալության ` SOCAR-ի ամերիկյան ներկայացուցչության կայքը վաղուց չի թարմացվում, արդեն մի քանի ամիս է` դրա աշխատակիցները չեն երեւում: Վաշինգտոնում SOCAR-ի գրասենյակի առաջ շաբաթվա սկզբին հայտարարություն է հայտնվել, որ «Գրասենյակային տարածքը տրվում է վարձով»:

Ամերիկյան անշարժ գույքի «Բարձր մակարդակի հանդիպում» ընկերությունը հաստատել է SOCAR-ի շենքի տարածքները վարձակալության տրվելու մասին փաստը` չներկայացնելով որեւէ մանրամասն:

SOCAR-ը 2012 թվականին 12 մլն դոլարով գնել էր Վաշինգտոնում Dupont Circle պատմական առանձնատունը, որը նախկինում եղել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը:

Այդուհանդերձ, վերջին շրջանում SOCAR-ը Ադրբեջանի խաթարված հեղինակությունը փրկելու նպատակով մի քանի պայմանագրեր էր կնքել ամերիկյան լոբբիստական ընկերությունների հետ:

Սնանկանալու շեմին հայտնված Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը պարտքեր է վերցնում արտասահմանից:

«Ազադլըգ» ռադիոկայանը հայտնել էր, որ SOCAR Trading Group-ը 250 մլն դոլար հերթական վարկը օրերս վերցրել է UniCredit Bank Austria բանկից: Վարկն ուղղված է ընկերության առեւտրային գործունեության պաշտպանությանը: Համաձայնության գծով իրավաբանական խորհրդատու հանդես է եկել բրիտանական Norton Rose Fullbright ընկերությունը:

Ադրբեջանի ընդդիմությունը SOCAR-ին խստորեն քննադատել է արտաքին փոխառությունների համար` հիշեցնելով, որ անցյալ տարի ընկերությունը 489 մլն դոլար վարկ է ստացել Gazprombank-ից, Ադրբեջանի միջազգային բանկից` 1 մլրդ 291 մլն դոլար, Կանադայից` 3,3 մլրդ դոլար, եւ պատրաստվում է 2 մլրդ դոլարի վարկ ստանալ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկից ու Ասիական զարգացման բանկից, եւ եւս 1 մլրդ դոլար վարկ` Կորեայի Eximbank-ից:

Ընդդիմությունը համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում SOCAR-ի վերցրած վարկերը վճարելու է պետությունը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին ավելի վաղ հայտնել էր, որ SOCAR-ը 2016 թվականի հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8,5 տոկոսով կրճատել է նավթի արդյունահանման ծավալը, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի տվյալներով` «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» գլխավոր նավթահորերի համալիրից արդյունահանվող նավթի վաճառքից մուտքերը 2016 թվականի հունվար-մայիսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 30,3 տոկոսով նվազել են` ընթացիկ տարվա հինգ ամիսներին կազմելով 1,8 մլրդ դոլար:

«Ենի Մուսավաթ» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի պետական պարտքն ամիս առ առ ամիս գնալով մեծանում է եւ արդեն հասել է ՀՆԱ-ի 55-60 տոկոսին` գերազանցելով 7,5 մլրդ դոլարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում