Գյումրին վերածվեց էկումենիկ կենտրոնի. գնահատում են Սուրբ Աթոռի և Մայր Աթոռի խոսնակները

Գյումրին վերածվեց էկումենիկ կենտրոնի. գնահատում են Սուրբ Աթոռի և Մայր Աթոռի խոսնակները

Գյումրիում պատարագ անցկացնելու ընտրությունը պատահական չէ, քանի որ տարիներ շարունակ այնտեղ կողք կողքի համերաշխ ապրել են առաքելական ու կաթողիկե համայնքի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 25-ին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Գյումրին Սրբազան Քահանայապետի այցով մեկ օրով վերածվեց էկումենիկ կենտրոնի: Գյումրու կենտրոնական հրապարակում կաթողիկե և առաքելական եկեղեցիների առաջնորդների համատեղ աղոթքը, որին մասնակից դարձավ հայ ժողովուրդը, որպես երկու եկեղեցիների միջև եղբայրական դրսևորման ապացույց է»,-ասաց տեր Վահրամը:

Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին էլ նկատեց, որ պատմական օր է Գյումրիի համար, որտեղ երբևէ նման մասշտաբի կրոնական արարողություն տեղի չի ունեցել հանրային վայրում: «Պատարագը սովորաբար սրբագործված տարածքում` եկեղեցում, է անցկացվում, բայց հաշվի առնելով կաթոլիկ և առաքելական քրիստոնյաների ցանկությունը ներկա գտնվելու, առաջին անգամ էր, որ այսօրինակ մեծ արարողություն տեղի ունեցավ Գյումրիի հրապարակում»,-նշեց Լոմբարդին: Նրա խոսքով` տեղական իշխանություններն ավելի քան 23 հազար հրավիրատոմս են բաշխել, իսկ հրա պարակում հավաքված մարդկանց քանակն աննախադեպ էր:

«Պապը մեզ սպառիչ ժամերգություն մատուցեց, սա միակ ժամերգությունն է կաթոլիկ կարգով, որը Պապն այս այցելության ընթացքում կատարում է: Դրա ժամանակ հավատի, հիշողության, Աստծո, հայերի հոգևոր արժեքների վերաբերյալ հղումներ եղան: Հռոմի պապը կարևորեց Գրիգոր Նարեկացու դերը, ինչպես նաև սոցիալական արդարության հասնելու և հասարակության շահերի պաշտպանության գործում քրիստոնյաների ներգրավման հարցը»,-նշեց Սուրբ Աթոռի ներկայացուցիչը:

Նա գեղեցիկ քայլ համարեց այն, որ Պապը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրավիրեց շրջել իր պապոմոբիլով: Լոմբարդին հայտնեց նաև, որ Պապը հյուրընկալվել է կաթողիկե հայ միանձնուհիների վանքում, այնտեղ կմնա ճաշին, որից հետո կայցելի Յոթ վերք և Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցիներ:

Անդրադառնալով հունիսի 25-ի երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք միասնական աղոթքին` Տեր Վահրամը նկատեց, որ այն այս այցելության կիզակետը կլինի, որի ժամանակ երկու Հայրապետները ողջ աշխարհում խաղաղության հաստատման աղոթք կհղեն առ Աստված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում