Իտալացի քաղաքական գործիչը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու համար

Իտալացի քաղաքական գործիչը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու համար

Իտալիայի Միլան քաղաքի դատախազությունը ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վալանտեին, որը հայտնի քաղաքական գործիչ է, մեղադրել է Ադրբեջանից խոշու չափի գումար կաշառք ստանալու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իտալական Corriere della Sera թերթը, այդ գումարի դիմաց Վալանտեն Ադրբեջանի ներկայացուցիչներին խոստացել է «Ադրբեջանում եւ Ստրասբուրգում հանդիպումների ու խորհրդակցությունների ժամանակ աջակցություն հայտնել օտար երկրի քաղաքական դիրքորոշումներին»:

Ըստ թերթի` դատախազությունը կոռուպցիայի եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման մեղադրանքներ է ներկայացրել քաղաքական գործչին: Վոլոնտեն մեղադրվում է 2012-2014 թվականներին ադրբեջանական Baktelecom ընկերության հաշիվներից 2,39 մլն եվրո կաշառք ստանալու մեջ: Ենթադրվում է, որ Վալանտեն այդ գումարը ստացել է Ադրբեջանի իշխանությունների օգտին քաղաքական գործունեություն իրականացնելու համար:

Լուկա Վալանտեի մեղադրական ակտում նշվում է, որ նա պաշտոնական Բաքվի շահերից ելնող «կարճաժամկետ եւ երկարաժամկետ քաղաքական նախաձեռնություններ» է իրականացրել, ինչը, մասնավորապես, արտահայտվել է 2013 թվականի հունվարին ԵԽԽՎ-ում Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հարցի քննարկման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում