Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արթիկ՝ հեղեղից տուժած թաղամասեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արթիկ՝ հեղեղից տուժած թաղամասեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 25-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաք՝ հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի հետևանքներին և պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարին ուղեկցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն այցելել է Արթիկի՝ հեղեղից տուժած թաղամասեր, եղել է նաև մանկապարտեզում և դպրոցում: Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղի հետևանքով առաջացած իրավիճակի մասին և նշել, որ իր գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով ՝ վնասները հաշվարկելու և կառավարություն ներկայացնելու համար: Հովիկ Աբրահամյանը զրուցել է հեղեղի պատճառով տուժած քաղաք ացիների հետ և հավաստիացրել, որ կառավարությունը բնակիչների կողքին է և պատշաճ ձևով օժանդակություն կհատկացնի: Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ իրավիճակը մտահոգիչ է, սակայն համապատասխան հաշվարկներից հետո վնասներ կրած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի:

Այցի ավարտին վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արթիկի քաղաքապետարանում, որի շրջանակում հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին՝ ըստ անհրաժեշտության լրացուցիչ ուժեր ներգրավելու և աշխատանքներն արագ ավարտելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում