Հռոմի Պապն իր հետ Վատիկան կտանի նաև Նոյան Տապանի մանրակերտը (ֆոտո)

Հռոմի Պապն իր հետ Վատիկան կտանի նաև  Նոյան Տապանի մանրակերտը (ֆոտո)

Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ընթացքում Հայաստանի Հանրապետության անունից Հռոմի Պապը նվեր ստացավ Նոյան Տապանի մանրակերտը. այն դրված է Սիսն ու Մասիսը պատկերող քանդակի վրա:

Մանրակերտի մեջ որթատունկ էր, որի վրա Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սափորով ջուր և հող լցրեցին: Մինչ այդ, Հռոմի Պապի և Վեհափառ Հայրապետի սափորները ջրով և հողով լցրել էին երեխաները, որոնք անցել էին կարմիր գորգի վրայով: Վատիկանին ընծայվելիք Նոյյան տապանի մանրակերտի հեղինակը ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամն է:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հանրապետության հրապարակում խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ավարտից հետո մոտեցավ հաշմանդամություն ունեցող մի խումբ անձանց, ողջագուրվեց նրանց հետ, թողեց իր օրհնությունը: Հռոմի Պապը խաղաղության աղոթքի ընթացքում օրհնեց նաև Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից ժամանած երեխաների:

«Ես եկել եմ խաղաղության այս աղոթքին մասնակցելու մի երկրից՝ Սիրիայից, որը այսօր շարունակում է տառապել խաղաղության պակասից: Տարիներ շարունակ այստեղ չեն դադարում պատերազմներն ու ահաբեկչությունները, որոնց հետևանքով զոհվում են կամ փախստական դառնում բազմաթիվ անմեղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ և կանայք: Ավերվում են բնակավայրեր, եկեղեցիներ ու մզկիթներ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Ոչ վաղ անցյալում էր, երեք տարի առաջ, որ Սիրիայի Դեր Զորի անապատում պայթեցվեց Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների աճյուն-նշխարները ամփոփող Սրբոց Նահատակաց եկեղեցին:

Այսօր, ի ներկայության ՀՀ Նախագահի և հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ համատեղ աղոթքով մենք խնդրեցինք խաղաղություն և կայունություն ողջ աշխարհի, այս ալեկոծվող տարածաշրջանի և մեր սիրելի Հայաստանի համար:

Ձերդ Սրբություն, Հայաստան Ձեր պատմական այցի առիթով, որը Դուք կոչել եք ուխտագնացություն, մեր ժողովրդի անունից Ձեզ պիտի փոխանցվի մի խորհրդանշական նվեր՝ Նոյյան Տապանի մանրակերտը: Նոյյան Տապանը, որ իջավ Արարատի գագաթին, մնայուն խորհրդանիշն է մարդկության փրկության ու վերածննդի: Վերջին տարիներին այսպիսի փրկության տապան եղավ նաև Հայաստանը՝ Մերձավոր Արևելքից փախստական դարձած հազարավոր ընտանիքների համար, ովքեր շառավիղներն են Հայոց Ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերի:

Եվ այժմ Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսրայելից, Հորդանանից, Քուվեյթից, Իրանից ժամանած հայորդիներ իրենց հետ բերած մեկական բուռ հող կավելացնեն այս տապանի մեջ, ուր պիտի դրվի հայկական խաղողի տունկը: Խորհրդանշական այս նվերը Սուրբ Պետրոսի Աթոռում թող մնայուն հիշատակ լինի Նոյյան Տապանը իր մեջ կրող Հայաստան աշխարհից՝ որպես մասունք աշխարհում խաղաղության համար մատուցված հոգեպարար այս արարողությունից»,-իր խոսքում նշեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում