«Այս օրերին գրվում են մեր պատմության ոսկետառ էջեր» Միքայել Մինասյանը՝ Հռոմի պապի այցի մասին

«Այս օրերին գրվում են մեր պատմության ոսկետառ էջեր» Միքայել Մինասյանը՝ Հռոմի պապի այցի մասին

«2015թ. ապրիլի 12- ին հինավուրց ժողովրդի պատմության փայլուն էջ գրվեց, 2016 թվականի հունիսի 24-26-ին էլի գրվում են ոսկետառ էջեր»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:

Անդրադառնալով 2015թ.-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի մատուցած պատարագին՝ դեսպան Մինասյանը նշեց. «Հարյուրամյակներ անց էլ հայ փոքրիկները կսերտեն իրենց ժողովրդի հազարամյա պատմության էջերը, կկարդան 2015 թվականի ապրիլի 12-ի մասին, Ֆրանցիսկոս պապի մասին և այդ անունը իրենց սրտերում կգրեն, ինչպես մենք ենք արել այսօր: Արարատին նայելիս գալիք սերունդները կշարունակեն տեսնել Խոր Վիրապը, կշարունակեն խոնարհվել Գրիգոր Լուսավորչի բերած լույսի առաջ և մտովի կպատկերացնեն Ֆրանցիսկոս պապի և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ձեռամբ թռած աղավնիները, կհիշեն Նոյի՝ կյանք բերող աղավնիներին ու կշարունակեն մեր ժողովրդի պատմությունն այնպես, ինչպես ժառանգություն են ստացել հազարամյակների խորքից»:

Հունիսի 24-ին «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո մեկնարկեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եռօրյա պատմական այցը Հայաստան: Այցելության հենց առաջին օրը ՀՀ նախագահի նստավայրում ունեցած իր ելույթում Սրբազան Քահանայապետը վերահաստատեց Հայոց ցեղասպանության մասին իր դիրքորոշումը. «Այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետն է, որն իրականցվել է ռասայական գաղափարախոսական կամ կրոնական մոտիվներով. դահիճի արարք, որի վերջնական նպատակը մի ամբողջ ազգ ոչնչացումն էր»,-ասաց Քահանայապետը: Այսօր առավոտյան Հռոմի պապն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որից հետո պատարագ մատուցեց Գյումրիի Վարդանանց հրապարակում:

Վաղը՝ հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կմատուցվի պատարագ, որից հետո Հռոմի պապն ու Գարեգին Երկրորդը կմեկնեն Խոր Վիրապ, կաղոթեն միասին և աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում