Ադրբեջանական մանաթը հերթական անգամ փլուզման շեմին

Ադրբեջանում շուտով 100 դոլարը կարժենա 180 մանաթ, և դա անխուսափելի է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմեդովը: «Նավթի ցածր գները լուրջ ազդեցություն են գործում մանաթի փոխարժեքի վրա: Մեծացել է ներմուծումը: Ադրբեջանի կենտրոնական բանակը մանաթի մեղմ արժեզրկում է սկսել և այդ գործընթացը պետք է շարունակվի ու տարվա վերջին մանաթը ձեռք կբերի իրական շուկայական արժեքը: Մանաթի փոխարժեքը արհեստականորեն կայուն պահելու փող ծախսելու իմաստ չկա: Այդ փողը պետք է ուղղվի այլ ոլորտների զարգացմանը», -ասել է նա: Պատգամավորը գտնում է, որ մինչև տարեվերջ 100 դոլարը կարժենա 170-180 դոլար:Ի տարբերություն նրա, Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետների կարծիքով` մոտ ժամանակներում մանաթի փոխարժեքը զգալիորեն կընկնի և մեկ ԱՄՆ դոլարը կարժենա նվազագույնը 2 մանաթ:

Ադրբեջանական մանաթը վերջին 1.5 տարվա ընթացքում մի քանի շոկային փուլեր է անցել: Առաջինը տեղի ունեցավ 2015թ-ի փետրվարի 21-ին, երբ Ադրբեջանի Կենտրոնական բանկը մեկ գիշերվա ընթացքում որոշեց մանաթը թուլացնել 34 տոկոսով, ինչի հետևանքով ամերիկայն դոլարի փոխարեքը 0.78-ից հասավ 1.05 մանաթի: Երկրորդ փլուզումը տեղի ունեցավ նույն թվականի դեկտեմբերի 21-ին, երբ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժեքի անցնելու մասին, ինչի հետևանքով ամերիկյան դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքը նույն օրը միանգամից ընկավ 47.6 տոկոսով 1.05-ից հասնելով 1.55 մանաթի: Մանաթը 2015 թվականի ընթացքում արժեզրկվել է մոտ 98 տոկոսով՝ ճանաչվելով անցյալ տարի ամենաարժեզրկված արժույթն աշխարհում: Եթե մանաթի էժանացման հերթական ալիքը սկսվի, ապա այն կգերազանցի նախորդ ռեկորդը` դառնալով 2.3 անգամ արժեզրկված արժույթ:

Այս ամենը կանխատեսելի է դարձնում Ադրբեջանում տնտեսական դրության վատթարացման նոր փուլ: Ադրբեջանում բյուջեի կատարողականը ամիս առ ամիս նվազում է, ապրանքները թանկանում, մարդկանց կենցաղավարությունը դժվարանում:
Մարտի համեմատ, ապրիլին բյուջեի մուտքերը նվազել են 260 մլն մանաթով, մայիսին` 555 մլն մանաթով: Բյուջեի մուտքերի ամսական նվազման ծավալը երկու ամիսներին 21 տոկոսից հասել է 43 տոկոսի: Այսինքն` Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները մայիսին 43 տոկոսով նվազել են: Հատկանշական է, որ համատարած աղքատացման և ծանր տնտեսական իրավիճակի այս ֆոնին Ալիևյան կլանը նախաձեռնեց ապրիլյան պատերազմը: Բազմիցս նշվել է, որ Արցախյան հակամարտությունը սեփական ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու գործիք է ադրբեջանական իշխանությունների համար, սակայն ներկայացված թվերն էլ ավելի խոսուն են: Դեռևս չկան հունիս ամսվա տվյալները, սակայն մանաթի արժեզրկման նոր ալիքի դեպքում հասկանալի է, որ բյուջեի ծախսերն էլ ավելի կկրճատվեն:

Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյլաների համաձայն, 2016-ի առաջին երկու ամիսներին արդեն արձանագրվել է տնտեսական անկում՝ 3,2 տոկոսով:Նավթային հատվածում անկումը կազմել է 5,5 տոկոս, իսկ միայն Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից նավթի արդյունահանումը նվազել է 7,5 տոկոսով, գազինը՝ մոտ 4 տոկոսով:

2016-ի հունվար-փետրվարին արտաքին առևտրի ծավալները 2015-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 45 տոկոսով, կազմելով 2,2 մլրդ դոլար: Ընդ որում, ավելի շատ նվազել է արտահանումը՝ 47 տոկոսով, որի ավելի քան 85 տոկոսը կազմել են նավթը գազը և նավթամթերքները: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազել է 4,3 տոկոսով: Սակայն, ըստ Standard&Poor’s միջազգային վարկանիշային կազմակերպության, արտարժույթով արտահայտված, 2016-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն Ադրբեջանում կազմել է մոտ 4000 դոլար, այն դեպքում, երբ 2014-ին՝ 8000 դոլար էր:

Ստեղծված իրավիճակի վրա հատկապես պետք է ուշադրություն դարձնեն հայկական քաղաքական և ռազմական ղեկավարությունը: Եթե Ադրբեջանի ներքին խնդիրները մեծանում են, իսկ պատերազմը դրանցից ուշադրությունը շեղելու միջոց է, ապա էլ ավելի մեծ խնդիրները կարող են հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Մինչ բանակցությունները շարունակվում են, որը կարող ենք բնութագրել բանակցություններ բանակցությունները շարունակելու շուրջ, երկրորդ ֆրոնտում գուցե Ալիևը հերթական հարձակման պլանն է մտմտում: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական բանակի սպառազինությունների առյուծի բաժինը ձեռք է բերվել հիմնականում այն տարիներին, երբ երկրի պետական բյուջեում նավթադոլարների պակաս չկար: Ուստի ֆինանսական ճգնաժամը սպառազինությունների մատակարարման և արդիականացման գործընթացի վրա չի անդրադառնա: Հաշվի առնելով տնտեսական ոլորտում առկա միտումները՝ Ադրբեջանի ղեկավարությունը կցանկանա Արցախում հաջողություններ արձանագրել մինչ տնտեսական ճգնաժամի հաջորդ ալիքը: Ալիևի առաջին նման փորձը դատապարտվեց ձախողման, սակայն կրկնությունները բացառված չեն: Իսկ մեզ մնում է չկորցնել զգոնությունը և ամեն վայրկյան պատրաստ լինել նոր պատերազմի:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում