Անրի Վերնոյի որդի Պատրիկ Մալաքյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկա է գտնվել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի և «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանի «Հավերժություն» պարային ներկայացմանը, որը բեմականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման սկզբում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի և շնորհակալական խոսքը փոխանցել է նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, որում մասնավորապես նշված էր. «Պատրիկ Մալաքյանին ճանաչում են ոչ միայն իբրև հայ ազգի մեծանուն արվեստագետ Անրի Վերնոյի որդի, այլև իր երկրին և ժողովրդին նվիրված հայի: Լինելով հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մարսելի մասնաճյուղի նախագահ՝ նա Սփյուռքում մշտապես աջակցել է հայապահպանության, հայ արվեստի ու մշակույթի տարածման գործին: Նրա ջանքերով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տպագրվեց Անմոռուկի պատկերով դրոշմանիշ և դրոշմաթուղթ՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով: Մի առիթով Պատրիկ Մալաքյանն ասել է, որ ինքը խոր հարգանք ունի այն մարդկանց նկատմամբ, ովքեր կարողացան պահել-պահպանել իրենց ազգային ինքնություն ը, հայեցիությունը»:

ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով` Հայաստանի և Սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու, մշակութային խնդիրների լուծման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար Պատրիկ Մալաքյանը պարգևատրվել է «Պողոս Նուբար» մեդալով, որը նրան է հանձնել նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Սփյուռքում հայ մշակույթի պահպանման և տարածման համար «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանին հանձնվել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր:

Այնուհետև ներկաները դիտել են ներկայացումը, որն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի անցած ուղին, դժվարություններն ու հաղթական վերելքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում