Իրանցի գործարարները հակված են Սև ծով դուրս գալ Հայաստանի միջոցով. Գագիկ Բեգլարյան

Հայաստանն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում Իրանի համար տրանսպորտային հաղորդուղիների լավագույն տարբերակն առաջարկելու համար:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման նախագծային աշխատանքների մասին հարցին:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս տարածաշրջանում լինենք առաջնային: Վերջին շրջանում տեղի ունեցավ իմ այցն Իրան, ստորագրեցինք համաձայնագրեր: Այսօր յուրաքանչյուր պետություն առաջարկում է այլընտրանք: Եթե Հայաստանն իրանական կողմին կարողանա ավելի լավ գներով, որակով ճանապարհ առաջարկել, ապա վստահ եմ, որ իրանական բիզնեսմենները հակված են Հայաստանով դուրս գալ Սև ծով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ դրա համար էլ ՀՀ իշխանություններն արագ քաղաքական որոշում են ընդունել և ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ որոշել Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակից Սիսիան հատվածը բետոնապատի փոխարեն կառուցել ասֆալտապատ: «Դա թույլ կտա, որպեսզի շատ արագ ունենանք Ագարակ-Սիսիան հատվածը, որը մինչև Երևան կկրճատի 70 կմ և 2,5 ժամ: Ճանապարհի կառուցումը նախատեսում ենք ավարտել ամենաշատը երեք տարվա ընթացքում: Վստահ եմ, որ այդ ճանապարհով կունենանք բավականին մեծ տրանսպորտային ծանրաբեռնվածություն: Բացի այդ, Երասխում ևս ունենք լավ երկաթգիծ, որով իրանա? ?ան բեռները կկարողանանք տեղափոխել մինչև սևծովյան նավահանգիստ»,- ընդգծեց նախարարը:

Ըստ Բեգլարյանի՝ հաշվարկները ցույց են տվել, որ ի տարբերություն ադրբեջանական առաջարկի՝ Ագարակ-Երասխ-Սև ծով ճանապարհով իրանցի յուրաքանչյուր բիզնեսմեն կտնտեսի մոտ 500 դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում