Խաղամոլ դառնալու հավանականության գործակիցը 1/1

Անշուշտ խաղամոլությունը հակաօրինական արարք չէ, ոչ էլ հակասում է բարոյականության մասին ընդունված պատկերացումներին: Օրինակ ես, եթե որոշել եմ իմ ունեցվածքը քամուն տալ, այլ խոսքով նվիրել խաղատներին ու տարատեսակ բուքմեյքերական ընկերություններին, ապա դա բացառապես իմ գործն է, եթե իհարկե չեմ վնասում ուրիշներին: Վաղուց անցել են խորհրդային ժամանակները, երբ թաղային միլիցիան շրջում էր բակերում և քաղմաս տանում թղթախաղով զբաղվողներին:

Բայց այլ է մարդուն ազատություն տալը, այլ՝ որոշ երևույթների խթանումը: Այլ բան է օրենքով չարգելելը, այլ բան՝ այն գովազդելը: Հաճախ ենք լսում, որ ինչ-որ մեկը որևէ երկրում շահեց մի քանի միլիոն դոլար: Սակայն ճարպկորեն թաքցվում է այն, որ միլիոնավոր մարդիկ գումար կորցրին, որպեսզի այդ միլիոնավորներից միայն մեկ հոգի շահի այդ կորցրած գումարների մի չինչին տոկոսը: Թեև շատերը ենթագիտակցորեն հասկանում են, որ դա վիճակված էր միայն մեկ մարդու, բայց տրվում են այդ գայթաղկությանը ու հայտնվում հմտորեն գործած ցանցի մեջ, ինչպես ձուկն է ընկնում ձկնորսի ուռկանը: Ամեն մարդ հոգու խորքում փայփայում է այն միտքը, որ հաջորդ միլիոնատերը կարող է լինել հենց ինքը: Թեպետ տվյալ մարդը չի դառնում միլիոնատեր, առավել հաճախ սնանկանում է մինչև վերջին կոպեկը, բայց միլիոնատեր է դառնում որևէ կազմապերպություն, որը հենց զբաղվում է մարդկանց մոտ նման հույսեր արթնացնելով:

Ժամանակին, երբ խաղատները մայրաքաղաքից տեղափոխվեցին բավականին հեռու տարածքներ, դա իր մեջ պարունակում էր երկու հնարավոր ուղղություն: Առաջինը այդ քայլը հարմար հող կարող էր նախապատրաստել ժամանցային-հանգստյան առանձին գոտիներ ստեղծելու համար: Դա կարող էր նպաստել որևէ զբոսաշրջային քաղաքի զարգացմանը, որը կարող էր բավարարել տարատեսակ ճաշակներ ու պահանջներ՝ ներառյալ նաև խաղը: Մարդը կարող էր վայելել լիակատար հանգիստ, իսկ այցը խաղատուն, կարող էր դառնալ զուտ այդ հանգստի բաղկացուցիչներից մեկը: Ի վերջո պարտադիր չէ, որ ցանկացած մարդ, ով հազվադեպ հաճախում է խաղատուն, ուրեմն անպայման խաղամոլ է: Օրինակ, եթե գնում ես Լաս-Վեգաս ու գեթ մեկ անգամ չես այցելում խաղատուն, ապա կարող ես համարել, որ չես եղել Լաս Վեգասում, քանի որ խաղատունը, այդ քաղաքի այցեքարտն է, մշակույթը, պատմությունը ու վերջապես այդ քաղաքի հիմնադրման իմաստը:

Երկրորդը խաղատների պատկառելի հեռավորությունը մարդկանց զերծ էր պահում գայթակղությունից, խաղամոլությամբ տարվելուց: Անշուշտ խոսքս վերջացած խաղամոլների մասին չէ, նրանք միշտ էլ կգտնեն համապատասխան վայր, իրենց կրքերին հագուրդ տալու համար:

Սակայն այսօր բնավ պարտադիր չէ այցելել խաղատուն, քանի որ խաղատունը տարբեր բուքմեյքերական անուններով, ինքն է այցելում մեզ: Ամեն օր թակում է մեր տան դուռը ու համառորեն, անկոչ հյուրի պես փորձում է սպրդել ներս:

Բուքմեյքերական ընկերությունների համար սպորտը, տարատեսակ խաղերը վերածվել են գումար կորզելու միջոցի ու դա արվում է այնպիսի հրապուրիչ առաջարկներով, գեղեցիկ աղջիկների գովազդներով, գայթակղիչ փայլով, որի համեմատ դասական ու հին խաղատները փոքր-ինչ խունացել են ու դարձել հնաոճ: Եվ իրոք, ավանդական խաղատնային ռուլետկայի փոխարեն առաջարկվում է սպորտը վերածել ղումարի՝ ընդհուպ հեռախոսի միջոցով: Տանը, բազմոցին նստած, մատի մի հպումով կարող ես մասնակից լինել այդ մեծ խաղամոլությանը: Քո սեփական երևակայությունը կարող է զարգանալ բուքբմեյքերական ընկերությունների երևակայությանը զուգահեռ: Դու զուտ սպառողից կարող ես վերածվել առաջարկողի, թեպետ վերջում, միևնույնն է, այդ նույն առաջարկդ ինքդ ես սպառելու: Օրինակ, ֆուտբոլային խաղի ժամանակ կարող ես բարձր տոկոսադրույթով տվյալ ընկերության հետ «գրազ» գալ, որ խաղի 20-րդ րոպեում դատավորը կարող է իրար հետևից 3 անգամ փռշտալ: Կփռշտա, թե՝ ոչ, կշահես, թե՝ ոչ, դա այլ հարց է, բայց ցավոք այդ ամենը աստիճանաբար դառնում է մեր առօրյան: Ղումարը առանց մեր գիտության ու համաձայնության ներխուժում է մեր կյանք: Շատերս աստիճանաբար տրվում ենք այդ դրամաշորթման պրոցեսին: Սկզբում հանուն հետաքրքրության տանուլ ենք տալիս կամ շահում ենք ինչ-որ չինչին գումար ու այդպես սկսում ենք կլանվել այդ մեքենայի կողմից:

Բացի այդ տևական ժամանակ է, ինչ այդ պրոցեսի արդյունքում մահանում է սպորտը: Թեկուզ հենց ֆուտբոլը, որպես ամենատարածված սպորտաձև: Մենք դադարում ենք գեղեցիկ ֆուտբոլ նայելուց, ստեղծագործ խաղ վայելելուց: Այլևս չկան այն լեգենդար ֆուտբոլիստները, որոնց խաղը պարզապես արվեստի նմուշ էր: Մենք միացնում ենք հեռուստացույցը, նայում խաղադաշտում երկու տասնյակ միլիոնատերերի վազվզոցի ու սպասում թե բուքմեյքերական ընկերությունների որ խաղադրույթը կիրակականա: Մենք խաղի ընթացքում հուզվում ենք ու ապրումներ ունենում ոչ թե գեղեցիկ գոլի առիթով, ոչ թե երկրպագած թիմի հաղթանակով կամ պարտությամբ, այլ մեր գրպանի պարունակության ավելացման կամ նվազման համար:

Ու պետք է փաստենք, որ այս պարագայում մեր մեղավորության աստիճանը նվազագույնն է, քանի որ մենք չենք ձգտում ղումարին, այլ ղումարն է տարբեր գովադզների, sms հաղորդագրությունների, յուրաքանչյուր փողոցում մի քանի բուքմեյքերական ընկերությունների տեսքով համառորեն, հետևողականորեն ու անկասելի ներխուժում մեր կյանք: Նույն հեռախոսներից օգտվում են պատանիները, երեխաները, ու երբ անդադար գովազդվում է հարմարավետ խաղալու ու գումար վաստակելու հնարավորությունը, դեռահասներն ու ողջ հասարակությունը հայտնվում են խիստ խոցելի վիճակում:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում