Թե գնում ես, բարով գնաս, դու` մարգարիտ, կյանքը` ծով…

Ահա այս հին երգի բառերով կարելի է բարի ճանապարհ մաղթել ոմն ռեժիսորի, ով որոշել է լքել Հայաստանը: Նա առաջինը չէ ու ցավոք դժվար լինի վերջինը: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի որոշելու իր ապրելու վայրը ու, չեմ կարծում, որ տեղին է մարդուն քննադատել, եթե հեռանում է լուռ, առանց ապմագոռգոռ հայտարարություններ անելու: Սակայն ոմանք առանց հանրության ուշադրությունն իրենց վրա սևեռելու պարզապես չեն կարող յոլա գնալ, հավանաբար նաև այն ծածուկ հույսով, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն` վայ, մի գնա, բա առանց քեզ ո՞ նց ենք ապրելու, ի՞ նչ է լինելու այս երկրի վիճակը: Նա էլ օդանավակայանում հալածյալի, աքսորյալի կարոտաբաղձ հայացքով կբացականչի` ավաղ…ու կբարձրանա սեփական աչքում` իրեն երևակայելով ծովի խորքերից կորսված անգին մարգարիտ: Այդպես հավանաբար Ծոմակն էր մտածում, երբ արդեն արտերկրից անվանարկեց սեփական հայրենիքը: Այդպես մտածում են բոլոր նրանք, ովքեր կարծում են թե մարդն ունի միան իրավունքներ ու ուրիչ ոչինչ, իրավունքներից բացի: Նման մտածողներին հարկ է հիշեցնել, որ նրանք չարաչար սխալվում են, քանի որ իրավունքներից բացի գոյություն ունեն նաև պարտականություններ:

Ինչպես ժամանակին ասել է Լամընեն. Հայրենիքը ախոռ չէ, ուր կարելի է միայն անասնաբար լափել ու քնել: Հայրենիքը նախ և առաջ պետք է սիրել, ինչպես սիրում են սեփական երեխային: Ինչպես սեփական երեխայի համար են տքնում, չարչարվում, փայփայում, այդպես էլ պետք է վարվեն հայրենիքի հետ: Միայն այն ծաղիկն է բուրում, որի վրա ջանք են թափում:

Սակայն դու, մի քանի անգամ հայտնվելով բեմում, արդեն համարում ես պարտքդ կատարած` անցնում ես մուննաթներին ու իրավունքներ ճոճորելուն: Հեռանում ես վիրավորելով բոլորին, այդ թվում ինձ, քանի որ եթե դու քեզ երևակայում ես <էլիտար> փոքրամասնության ներկայաչուցիչ, ապա ես այս ժողովրդի պարզ մեծամասնության մի մասնիկն եմ ու եթե մի օր հեռանամ Հայրենիքից, կհեռանամ լուռ, առանց այլոց մեղադրելու, ու եթե պետք է անպայման մեկին մեղադրեմ, ապա կմեղադրեմ միմիայն ինձ: Կմեղադրեմ սեփական թուլությանս ու վախկոտությանս համար, հոգուս խորքում ամաչելով, որ չկարողացա տոկալ ու ծալվեցի ժամանակի դժվարության բեռի տակ: Կամաչեմ զոհվածների շիրիմներից, քանի որ նրանք մեռան հանուն այն հայրենիքի, որը ես թողնում եմ: Կամաչեմ այն պատանիներից, ովքեր այսօր չեն մտածում իրենց իրավունքների մասին ու զենքը ձեռքին, մահվան աչքերին նայելով, կերտում են հայրենիք, բայց ես այդ հայրենիքը վերածում եմ մանրադրամի, հանուն սեփական բարօրությանս:

Ես այդպես կվարվեի հեռանալուց: Այդպես հեռացել են բազմաթիվ մարդիկ ու համենայն դեպս այնքան պարկեշտ են եղել իրենց պահվածքում, որ չեն այրել կամուրջները հայրենիքի հետ: Հեռացել են լուռ, գուցե չուզենալով, գուցե բաժանման կսկիծը սրտում, գուցե արցունքն աչքերում…գուցև հեռացել են Արթուր Մեսչյանի երգը շուրթերին. Ես հեռանում եմ, բայց կամուրջները ետ դարձի չեմ այրում:

Իսկ դու այրում ես: Ուզում ես այրել, քանի որ անհաջողություններդ փորձում ես բարդել բոլորիս ուսերին: Բայց հիշիր, դու տաղանդ չես, դու սովորական մի անհաջողակ ես, քանի որ զուրկ ես ներողամտությունից, ներողամիտ մարդը նման բառապաշար չէր գործածի: Զուրկ ես մեծահոգությունից, մեծահոգի մարդը իր կոլեգաների հաջողություններին նախանձով չէր մոտենա: Զուրկ ես ուժից, ուժեղ մարդը հանրության դեմքին վիրավորանք չէր նետի:

Իսկ մենք վամպիրներս, վամպիրիզմով վարակվածներս, սապոնվողներս, անգրագետներս ու անճաշակներս, ինչպես դու ես արտահայտվել, կմնանք ու կփորձենք կերտել մեր ուզած հայրենիքը:

Սակայն եթե մի օր որոշես ետ դառնալ, ի տարբերություն հեռանալուդ, վերադարձիր լուռ, պարզապես լուռ…և մենք քեզ կընդունենք, որովհետև մեր ժողովուրդը ի հեճուկս քո պատկերացումների, օժվտած է անսահման ներողամտությամբ ու մեծահոգությամբ:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում