Պատգամավորը փարիզյան հնարավոր հանդիպումից ակնկալում է հետաքննության մեխանիզմների ներդրման քննարկում

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ընթացքում քննարկումների առանցքում շարունակելու են լինել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարն ամրապնդելու հետ կապված հարցերը:

Հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Փարիզում Ֆրանսիայի առաջարկության համաձայնեցման փուլում գտնվող հնարավոր հանդիպմանը հակամարտության կարգավորման հետ կապված քննարկումներ չեն լինի, քանի որ ՀՀ նախագահն էլ հայտարարել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունների մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ հրադադարի պահպանման երաշխիքներ չկան: «Եթե Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը խոսք գնաց միայն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի թիմի ընդլայնման մասին, ապա Փարիզո ւմ սպասվող հանդիպմանը, կարծում եմ, խոսք կգնա նաև շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: Փարիզում սպասվող հանդիպումը լինելու է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների տրամաբանական շարունակությունը: Այսինքն՝ քննարկման առանցքում լինելու է հրադադարի պահպանման երաշխիքների հարցը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Պատգամավորը չբացառեց, որ Փարիզում ակնկալվող հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձ կատարեն նաև կարգավորման հետ կապված որոշ հարցերի, սակայն քննարկումների առանցքում լինելու է հրադադարի ամրապնդումը՝ խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակելու համար:

Հարությունյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվությունը կարող է ՄԽ համանախագահության ձևաչափի փոփոխության հիմք հանդիսանալ: Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանի ակտիվությունը պայմանավորված է այն պատասխանատվությամբ, որ այդ երկիրն օբյեկտիվորեն ունի տարածաշրջանում: «Ռուսական դիվանագիտությունը փորձում է մեղմել այն խնդիրները, որոնք, գուցե, առաջացել են նաև իր քաղաքականության արդյունքում: Բայց որևէ բան առանց միջնորդ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հետ համաձայնեցնելու չի կարող տեղի ունենալ: Ես համոզված եմ, որ մինչ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը դիվանագիտական խողովակներով տեղի է ունեցել այդ հանդիպումը համաձայնեցնելու գործընթաց թե Ֆրանսիայի, թե ԱՄՆ-ի հետ»,- մանրամասնեց Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորը նաև հավելեց, որ պատրանքներ չունի, թե Ադրբեջանը հրաժարվել է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իր քաղաքականությունից: «Ես պատրանքներ չունեմ, թե Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա չի իրականացնելու Արցախի ժողովրդի դեմ: Ես գտնում եմ, որ Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է որպես ժամանակ շահելու միջոց: Այս պայմաններում մեր առաջնային խնդիրը դառնում է մեր երկրի տնտեսության զարգացումը: Մենք պետք է օր օրի ուժեղանանք: Ես հասկանում եմ, որ այս պայմաններում դա շատ դժվար է, սակայն մենք պետք է լուրջ քայլեր ձեռնար կենք այս ուղղությամբ»,- ասաց պատգամավորը:

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն արդեն երկու անգամ հանդիպել են՝ առաջին անգամ Վիեննայում, երկրորդ անգամ՝ Սանկտ Պետերբուրգում: Ակնկալվում է, որ նախագահների մակարդակով ևս մեկ հանդիպում տեղի կունենա ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ Փարիզում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում