Բանակցությունների լուրջ մասը միշտ էլ գաղտնի է մնում, բայց կարելի կռահել՝ ինչ է կատարվում. Քաղաքագետ

Ներկա  դրությամբ փորձ է արվում վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նկատելով, որ ապրիլյան պատերազմից հետո կայացած Սարգսյան-Ալիև երկու հանդիպումները և առաջիկայում սպասվելիքը վկայում են գործընթացի մասնակի վերակենդանացման մասին:

Ըստ քաղաքագետի՝ երրորդ հանդիպման կազմակերպումը հեշտ չի լինելու, քանի որ պարզ չէ՝ սկզբունքորեն ինչի շուրջ պետք է զրուցեն կողմերը. ինչ թեմայի շուրջ, որ պետք է խոսեն, զրույցը չի ստացվում: Երկրորդ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների համար հանդիպելը հեշտ չէ, քանի որ հանդիպման համար հանդիպումներն ադրբեջանական և հայկական հասարակությունների կողմից որոշակի դիմադրության են բախվում:

«Ամեն դեպքում, վաղ թե ուշ երրորդ հանդիպումը տեղի կունենա, քանի որ միջազգային լուրջ ջանքեր են գործադրվում դրա կազմակերպման համար: Այս հանդիպումները, այս գործընթացը պետք են Մինսկի խմբի համանախագահող երկրներին, առհասարակ, անհրաժեշտ են, առանց դրա չի լինի: Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանը չի ցանկանա գնալ էսկալացիայի: Մեծ պատերազմ չեմ ակնկալում, բայց սադրանքներ կլինեն»,-ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հորդորին, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը լուռ դիվանագիտություն և գաղտնի մոտեցումներ է պահանջում, Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ 24 տարի բանակցությունների կարևոր և լուրջ հատվածը պահվում է գաղտնի, ինչը բնական է. «Հակամարտող կողմերը և Մինսկի խումբը երբեք, ոչ մի դեպքում չեն հայտնում, թե ինչ է քննարկվել: Միշտ ասվում է, որ հանդիպումներում առաջընթաց կա, իսկ լուրջ մասը գաղտնի է մնում: Այլ հարց է, որ այնքան էլ դժվար չի կռահել, թե ինչ է այնտեղ կատարվում. կողմերը փորձում են նվազեցնել լարվածությունը, խոսում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումից, բայց 4 մարդ կհետևի, թե անգամ 50, չի փոխելու ոչինչ, սա բավարար չէ: Ինչ եղավ հանկարծ, որ բուն կարգավորման շուրջ բանակցելու փորձերը հանկարծ պիտի այս անգամ իրականան, երբ 24 տարի չի ստացվել: Պարզապես փորձ է արվում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել: Պարոն Ալիևը, օրինակ, չի կարող հայտարարել, որ Ղարաբաղին կտրվի կարգավիճակ՝ Ադրբեջանից անկախ, նա չի կարող իր երկրում նման բան հայտարարել»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում