Ժամանակն է բանակցելու Վերին Լարսին այլընտրանք գտնելու շուրջ. ՀՀ վարչապետ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի տեղեկացմամբ՝ հուլիսի 7-ից մեքենաները ցերեկային ռեժիմով կանցնեն Վերին Լարսի ճանապարհով:

«Ամենաշատը չորս-հինգ օր հետո ռեժիմը կլինի 24-ժամյա: Վրացական կառավարության կողմից անհանգստություն կա, քանի որ դեռ վերջնական վտանգը վերացված չէ, որովհետև այս պահին սարեր ի վրա մոտ հինգ մլն տոննա հոսելու հնարավորություն ունեցող հող կա և մտածում են հիմա, որպեսզի կարողանան ապագայում այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել, որը բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Համենայնդեպս, այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր, յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է ունենանք այս խնդիրները: Դրա համար ես նաև ուզում եմ առիթից օգտվել, ասել մեր գործարարներին, որ յուրաքանչյուր րոպե իրենց աշխատանքների հետ համատեղ աչքի առաջ ունենան լաստանավի հնարավորությունը: Ամեն րոպե Լարսը հնարավոր է փակվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ասաց Բեգլարյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ այժմ արդեն ժամանակն է, որպեսզի բանակցեն այլընտրանքային ճանապարհի շուրջ:

Հուլիսի 6-ին ժամը 15.00- 20.00-ը և հուլիսի 7-ին՝ ժամը 05.30-20.00-ը կբացվի հունիսի 23-ից սելավի ու քարաթափման վտանգի պատճառով փակված Լարսի ավտոճանապարհը, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում